Կրթական հաստատությունների քաղաքականացվածությունը կրթության որակի անկման կարեւոր պատճառներից մեկն է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 14-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը:

«Դրա համար բարձրագույն կրթության ոլորտում կառավարության առջեւ դրել ենք խորհուրդների ապաքաղաքականացման հարցը: Դպրոցներում նույն սկզբունքն աշխատում է եւ ունենք շատ լավ օրենսդրություն, որը պետք է պահել: Օրենսդրությունն ասում է, որ չի կարելի վարչական լծակն օգտագործել քաղաքական գործընթացների ժամանակ: Բայց միաժամանակ, մենք հասկանում ենք, որ քաղաքական մշակույթի զարգացման համար կարեւոր է, որ կուսակցականներ լինեն մտավորականության ներկայացուցիչները: Դրանք կամ ուսուցիչներ են, կամ դասախոսներ, կամ բժիշկներ: Ուրեմն պետք է կարողանանք այնպես անել, որ կառավարման համակարգում չլինեն մարդիկ, որոնք ունեն նաեւ կուսակցական պատասխանատվություն»,-ասաց նա:

Նախարարի խոսքով, նոր օրենքով բուհերում այս հարցը կարգավորվում է. «Կարելի է նմանատիպ պահանջ դնել նաեւ դպրոցների խորհուրդներում»: