Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր` ապրիլի 14-ին, մերժեց 6 տարվա ազատազրկման դատապարտված՝ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու պահանջով պաշտպանի դիմումը։
Դատարանի այս որոշումը դժգոհություն առաջացրեց դատարան եկած նրա հարազատների եւ աջակիցների մոտ: Նրանք որոշումն ընթերցելուց հետո սկսեցին վանկարկել «ամոթ, ամոթ»:
Վոլոդյա Ավետիսյանի աջակիցները դատարանի դիմաց փակցրել էին նրա լուսանկարն ու եռագույն դրոշը:
Նշենք, որ 2013թ. սեպեմբերին կալանավորված եւ 2014-ի ամռանը 6 տարվա ազատազարկման դատապարտված Ավետիսյանը վերջին համաներման արդյունքում կարող է ազատ արձակվել մեկ ամսից` մայիսի 25-ին։
Վոլոդյա Ավետիսյանն արցախյան ազատամարտի մասնակից է, եղել է Լեոնիդ Ազգալդյանի աջ ձեռքը, ունի 6 զավակ, որոնցից 3-ն անչափահաս են, ընտանիքն էլ ծանր սոցիալական պայմաններում է ապրում:
Վոլոդյա Ավետիսյանը դատապարտվել է խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար: Առաջին ատյանի դատարանը 2014թ. հուլիսի 17–ին Վոլոդյա Ավետիսյանին 6 տարի 6 ամիս ազատազրկման էր դատապարտել։ Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանները մերժել են Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանի բողոքը: Նրա վրա համաներումը չէր տարածվել:





























