Ապրիլի 14-ին, ժամը 10:47-ին տեղեկություն է ստացվել, որ «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության աշխատակիցները եւ Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը տեղազննում ու հետազոտություններ կատարելու նպատակով մեկնել են Կոռնիձոր գյուղի 9-րդ փողոց:
Ժամը 12:10-ին տեղեկություն է ստացվել, որ գյուղի 9-րդ փողոցի տներից մեկի բակում առկա է արկ: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ առկա է «Գրադ» կայանքի եւս 1 արկ: Այնուհետեւ տեղեկություն է ստացվել, որ գյուղի մոտակա դաշտերում նույնպես նկատվել է արկ:
Տեղազննման արդյունքում պարզվել է, որ հայտնաբերվածը 82 մմ ականանետի արկ է, ինչը «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության աշխատակիցները տեղափոխել են անվտանգ տարածք:
Ժամը 10:50-ից մինչեւ 13:35-ն ուսումնասիրություններ են կատարվել վերոնշյալ հասցեներում: Վնասազերծման աշխատանքները կիրականացվեն ս. թ. մայիսի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում:
***
Ապրիլի 12-ին, ժամը 12:15-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի 9-րդ փողոցի թիվ 25 տանը հարակից այգում հայտնաբերվել է արկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ 9-րդ փողոցի թիվ 25 տանը հարակից տարածքում՝ թիվ 1 տան հետնամասում եւ 4-րդ փողոցի տներից մեկի նկուղում հայտնաբերվել են «Գրադ» հրետանու արկեր:
Փրկարարները սահմանազատել են վտանգավոր տարածքները:




























