Բելֆաստում (Հյուսիսային Իռլանդիա) հարգել են «Տիտանիկ» շոգենավի կործանման ժամանակ զոհվածների հիշատակը, որը 105 տարի առաջ խորտակվել է Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային ջրերում: Գրեթե 100 մարդ, այդ թվում՝ զոհերի հարազատները, պատմաբաններ կամ պարզապես XX դարի ամենախոշոր նավաբեկումներից մեկի հանդեպ ոչ անտարբեր մարդիկ հավաքվել են Բելֆաստի քաղաքապետարանի տարածքում գտնվող այգում, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

Հիշատակի արարողությունները սկսվել են դեռեւս ապրիլի 14-ին` Բելֆաստում հավաքելով հայտնի շոգենավի ուղեւորների եւ անձնակազմի անդամների հարազատներին:  «Ես կցանկանայի «Տիտանիկ»-ի ընտանիքին միասին հավաքել: Ամբողջ աշխարհում կան շատ հարազաներ, էնտուզիաստներ ու մասնագետներ, որոնց համար միեւնույն չէ, թե ինչպես նավը սկսեցի իր պատմական ճամփորդությունը Բելֆաստում: Մեր այստեղ հավաքվելը հնարավորություն է բոլորի համար, ով իսկապես ցանկանում է իրեն «Տիտանիկ»-ի ծննդավայրի անդամ զգալ», - ասել է հանդիպման կազմակերպիչ Սայմոն Մեդհերսթը: Վերջինը ղեկակալ Ռոբերթ Հիչենսի ծոռն է, ով հերթապահում էր նավի համար ճակատագրական գիշերը: 

 «Տիտանիկ-Բելֆաստ» թանգարան հուշարձանը դարձել է գլխավոր մշակութային հարթակը` նավի ու այնտեղ գտնվողներից բոլորի ողբերգական ճակատագրով հետաքրքվողների համար: Այնտեղ ներկայացված է «Տիտանիկ»-ի ամբողջ պատմությունը:  2012-ին բացված թանգարան արդեն ավելի քան 3,5 միլիոն մարդ է այցելել:

Նավի նավաբկության հետ կապված արտեֆակտներ ներկայացված են նաեւ Լիվերպուլում եւ Սաութհեմփթոնում, որտեղից նավը սկսել է իր առաջին ու վերջին ճամփորդությունը: Այդ քաղաքներում եւս ի հիշատակ նավաբեկության զոհերի մի շարք արարողություններ են տեղի ունեցել:

Նշենք, որ Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային  հատվածում ավելի քան 3,7 հազար մետր խորությամբ գտնվող «Տիտանիկ»-ի բեկորներն առաջին անգամ հայտնաբերվել են 1985-ին: