Թուրքիայի արեւելյան շրջաններում մեկնարկել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն: Երկրի 81 նահանգներից 33-ում ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով 07:00-ին:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ մյուս նահանգներում քվեարկությունը կսկսվի 08:00-ին եւ կտեւի մինչեւ 17:00-ն: Քվեարկությանը մասնակցելու իրավունք ունի ավելի քան 55 մլն քաղաքացի:
Թուրքիայի ՆԳՆ-ն անվտանգության խստացված միջոցառումներ է ձեռնարկել, որում ներգրավված են ավելի քան 250 հազար ոստիկաններ, 128 հազար ժանդարմներ, անվտանգության պահպանության կազմակերպությունների շուրջ 70 հազար աշխատակիցներ եւ կամավորներ: Արտակարգ իրավիճակի առաջացման դեպքում ցամաքային զորքերի հրամանատարությունը լրացուցիչ 6 հազար զինծառայողի կտրամադրի:
Քվեարկության ընթացքում արգելված է հրապարակային քարոզչությունը, լրատվամիջոցներն իրավունք չունեն հարցումների արդյունքներ կամ քարոզչական նյութեր հրապարակել, ուղիղ եթերում զրուցել քաղաքական գործիչների կամ փորձագետների հետ այնպիսի թեմաներով, որոնք կարող են քարոզչություն դիտարկվել: Արգելված են նաեւ exit poll-երն ու քվեարկված քվեարթերթիկների լուսանկարումը:
Թուրքիայի Սահմանադրության փոփոխություններով առաջարկվում է խորհրդարականական կառավարման ձեւից անցում նախագահականի: Նախագահի լիազորությունները զգալիորեն ընդլայնում են, վարչապետի պաշտոնը՝ վերացվում, իսկ նախագահն իրավունք է ստանում նշանակել փոխնախագահին, նախարարների, Դատավորների եւ դատախազների կոլեգիայի անդամներին:
Խորհրդարանականների թիվը 550-ից 600 կդառնա, իսկ թեկնածություն կարող են առաջադրել 18 տարին լրացած քաղաքացիները՝ նախկինում սահմանված 25-ի փոխարեն: Խորհրդարանի եւ նախագահի լիազորությունների ժամկետ է սահմանվում 5 տարին, բայց պետության ղեկավարը պաշտոնը կարող է ստանձնել ոչ ավելի, քան 2 անգամ անընդմեջ: Սահմանադրական փոփոխությունների ընդունման դեպքում նախագահի եւ պատգամավորների ընտրությունները կանցկացվեն 2019 թվականի նոյեմբերի 3-ին:




























