«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում ապրիլի 7-ին մահացած 28-ամյա դատապարտյալ Արսեն Գրիգորյանին հայտնաբերել են ՔԿՀ-ի լոգարանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արագածավանի գյուղապետ Անդրանիկ Պապիկյանը:

«Ասում են՝ լվացվելու է գնացել, լոգարանում քթից արյուն է եկել, հետո փսխել է ու խեղդվել է: Չեն կարողացել փրկել»,-ասաց գյուղապետը:

NEWS.am-ին Գյումրիի բժշկական կենտրոնից հայտնել էին, որ Արսեն Գրիգորյանի մոտ հետազոտության արդյունքում հայտնաբերվել է կերակրափողի սողացող ճողվածք երկրորդ աստիճանի, խրոնիկական էզոսագիտ:

Քրեակատարողական հիմնարկների վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել էր, որ Արսեն Գրիգորյանը ստացել է դեղորայքային բուժում:

Նշենք, որ մահացած դատապարտյալը Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչ էր, Արսենը 10 տարվա ազատազրկման էր դատապարտվել ավազակային հարձակման համար, նա արդեն 4 տարի անազատության մեջ էր:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Արթիկ» ՔԿՀ-ում ապրիլի 7-ին մահացել է 28-ամյա դատապարտյալ: Քրեակատարողական հիմնարկների վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանի խոսքով, նա հանկարծամահ է եղել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: