Վերջերս Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը անցկացնում է արշավ կառավարության նկատմամբ քննադատաբար տրամադրված կազմակերպությունների ու ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի դեմ, հայտնում է գերմանական Die Welt թերթը։
Օրերս վարչապետը «կրակի մեջ յուղ է լցրել»․ հունգարական Magyar Idök կառավարական թերթի շաբաթնօրյա համարում հրապարակվել էր վարչապետի հարցազրույցը, որում նա պնդում էր, որ միգրացիոն ճգնաժամի ու Սորոսի հիմնած Կենտրոնական եվրոպական համալսարանի (CEU) միջեւ գոյություն ունի որոշակի կապ։
Եվ այսպես, Օրբանը հայտնել էր, որ «Ջորջ Սորոսը Հունգարիայում իր կազմակերպությունների միջոցով ու հսկայական դրամական միջոցների օգնությամբ խթանում է ապօրինի ներգաղթը երկիր»։
Մասնավորապես միլիարդատերը, Օրբանի խոսքով, ֆինանսավորում է « քաղաքացիական միավորումների անվան տակ գործող բազմաթիվ լոբբիստական կազմակերպություններ ու ունի «իսկական ցանց՝ իր ներկայացուցիչներով, սեփական լրատվամիջոցներով, հարյուրավոր մարդկանցով ու սեփական համալսարանով»։ Հունգարիան, Օրբանի կարծիքով, պետք է «պաշտպանվի դրանից ու սկսի պայքարել այդ երեւույթի դեմ»։
Մինչդեռ ամսվա սկզբին ընդունված հունգարական նոր օրենքը, որով իշխանությունները կարող են փակել CEU-ն, արդեն իսկ ամբողջ աշխարհում առաջացրել է քննադատություն ու բողոքի ալիք, հավելում է պարբերականը։




























