Երեւանի թիվ 127 դպրոցի երկու աշակերտները, որոնք ապրիլի 10-ին, նախնական տվյալով, ածելիով վնասել էին իրենց ձախ ձեռքերի նախաբազուկները, սկսել են դասի հաճախել: Այս մասին NEWS.am-ին ասաց դպրոցի տնօրեն Ներսիկ Էլոյանը:
Տղաները, ըստ տնօրենի, նորմալ դասերի են հաճախում:
«Դեպքով ոստիկանությունն է զբաղվում, երեխաները եկել էին ինձ մոտ եւ ասում էին, որ ուզում են մամուլի ասուլիս հրավիրել ու ասել, որ ես կատարվածի հետ կապ չունի, ինքս չեմ թողել: Թող իրավապահ մարմինները պարզեն ամեն ինչ»,- ասաց տնօրենը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի դպրոցներից մեկի բակում ապրիլի 10-ին արտակարգ դեպք է գրանցվել. երկու դպրոցական ածելիով վնասել են իրենց ձախ ձեռքերի նախաբազուկները:
Ըստ նախնական վարկածի՝ դպրոցի տնօրենը բարկացել է 10-րդ դասարանի աշակերտի վրա՝ դպրոցի կողմից տրամադրված գրքերի գումարը չվճարելու համար, ինչից ընկճվելով նույն օրը ժ.10.00-ին՝ դպրոցի բակում դպրոցականը և նրա ընկերը ածելիով վնասել են իրենց ձախ ձեռքերի նախաբազուկները:
Ներսիկ Էլոյանը ի սկզբանե հերքում էր տեղեկությունները, թե երկու դպրոցական տղաներն ինքնասպանության փորձ են կատարել, քանի որ ինքը պահանջել է տրամադրված գրքերի գումարը վճարել:
Մեր տեղեկություններով, տղաներն իրենց ցուցմունքները չեն փոխել:




























