2015 թվականի նոյեմբերից մինչ 2016 թվականի վերջը Եթովպիայի Օրոմիա, Ամահրա շրջաններում եւ Հարավի ազգերի ու ազգությունների Նահանգում անկարգությունների հետեւանքով 669 մարդ է զոհվել։ Այս մասին ասվում է Մարդու իրավունքների եթովպիական հանձնաժողովի զեկույցում, որը երեքշաբթի օրը ներկայացվել է երկրի խորհրդարանի քննարկմանը, հաղորդում է «Սինխուա»-ն։ 

Վերջին տարիներին օրոմո ժողովրդի ներկայացուցիչները տարաձայնություններ են ունեցել կառավարության հետ՝ հողերը բռնագրավելու եւ տները քանդելու պատճառով, ինչը հանգեցրեց խոշորամասշտաբ հանրահավաքների։ Օրոմոյին միացան նաեւ ամհարա ժողովրդի ներկայացուցիչները, սկսվեցին ցուցարարների եւ ոստիկանության միջեւ բախումները։

Զեկույցում ասվում է, որ ամենաշատը զոհվել են Օրոմիա նահանգում՝ 462 քաղաքացիական անձինք ու 33 զինծառայողներ եւ ոստիկաններ։ Ամահրա նահանգում բախումներին զոհ է դարձել 140 մարդ։

2016-ի հոկտեմբերի 8-ին 6 ամսով Եթովպիայում արտակարգ դրություն հայտարարվելուց հետո անկարգությունները նվազեցին։ Երկրի հետագա կայունացումն ապահովելու համար որոշում ընդունվեց արտակարգ դրույթունը երկարաձգել եւս 4 ամսով՝ մինչ այս տարվա օգոստոս։