Վանաձոր քաղաքը ճիշտ կառավարում է ուզում, ոչ թե հոխորտանքներ ու բարբաջանանքեր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն՝ անդրադառնալով ավագանու ընդդիմադիր խմբակցության՝ քաղաքապետարանի գործունեության օրինականությունը դատարանում վիճարկելու մտադրությանը։

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Քրիստ Մարուքյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ Վանաձորի ավագանին վեց ամսվա ընթացքում իրավազոր նիստ չի գոմարել, ինչը նշանակում է, որ պետք է լուծարվի եւ նոր ընտրություններ լինեն։ Այդ ընթացքում գումարված նիստերը նա համարում է ոչ օրինական եւ շուտով պատրաստվում են ավագանու գործունեության օրինականությունը վիճարկել դատարանում։ Մինչդեռ Մամիկոն Ասլանյանը վստահեցնում է, թե օրենքը չի խախտել եւ այդ դատական հայցերի հետ կապված մտավախություն չունի։

«Տեղական ինքնակառավարման մարմինների մասին նոր օրենքով Գյումրիի ու Վանաձորի ավագանու լիազորությունները կառավարությունը կարող է կրճատել այն դեպքում, եթե երեք ամիս նիստերը չեն գումարվել, իսկ իրենց նշած վեց ամիսը վերաբերում է մյուս համայնքներին, որտեղ կառավարումը այլ է։ Ես մի քանի անգամ առաջարկել եմ, թե ընկերական, թե որպես իրավաբան, խորհրդակցնեք միասին այն հոդվածի մասին, որը գործում է ողջ երկրի համայնների համար եւ այն հոդվածի մասին, որը վերաբերում է Վանաձորին եւ Գյումրիին։Այս երկու համայնքների համար գործում է պառլամենտարիզմի սկզբունքը եւ ոչ թե այն կարգավորումները, որոնք վերաբերում են մյուս բոլոր համայնքներին։ Օրենքի 64 հոդվածի 3–րդ կետը սահմանում է, որ ավագանու նիստը իրավազոր է, եթե այդ նիստին ներկայացել են որոշումներ ընդունելու համար բավարար թվով ավագանու անդամներ, նույն հոդվածի հաջորդ կետով՝ 64 հոդվածի 4–րդ կետով սահմանվում է, որ որոշումները ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ, բայց ոչ պակաս քան ավագանու ընդհանուր թվի մեկ քառորդի չափով։ Այսինքն՝ ինը հոգով։ Այնպես որ, եթե իրավական դաշտում ցանկացած բանավեճ կա, ես պատրաստ եմ մասնակցելու եւ օրենքի ու իմ դիրքորոշումը ներկայացնել»,–ասել է Վանաձորի քաղաքապետը։

Մամիկոն Ասլանյանը ասել է, թե առանց այդ դաշինքի էլ ավագանին կարող է շարունակել իր գործունեությունը, որը սահմանված է օրենքի տառով։

«Շատ վաղուց պիտի հարգելի ընդդիմադիրները մտնեին իրավական դաշը ու սկսեին վիճարկումները, ոչ թե հանրայնացնեին թեման ու մերկապարանոց հայտարարություններ անեն։ Քաղաքը ճիշտ կառավարում է ուզում ե ւ ոչ թե հոխորտանքներ ու բարբաջանանքեր տարիներ կամ ամիսներ շարունակ։ Ավագանին գործում է օրենքի տառին համապատասխան, ինչքան որ օրենքը նախատեսում է, այդքանով էլ նիստերը գումարվում են ու իրականացվում։ Ես վստահեցնում եմ, որ հինգ տարի գործելու եմ օրենքի տառին համապատասխան եւ պոպուլիստական ու էմոցիոնալ հայտարարություններ չեմ անելու։ Ես պահում եմ օրենքի կողմը, իրավաբան եմ եւ ինձ չի վախեցնում օրենքից դուրս որեւէ երեւույթ»։