Եթե ուզում ենք քաղաքական մշակույթ ունենալ, պետք է 40 հազար ուսուցիչների այդ հզոր զանգվածը ներառվի կուսակցությունների եւ քաղաքական մշակույթի մեջ: Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, «Ազգ-բանակ-2017» համաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար, ՀՅԴ անդամ Լեւոն Մկրտչյանը՝ անդրադառնալով դպրոցների կուսակցականացման խնդրին:

Նրա խոսքով, բուհական համակարգում արդեն արդեն նոր նախագծով կա հստակ դրույթ՝ խորհուրդների ձեւավորման համար. «Ունենք հիմնախնդիր հանրակրթական դպրոցներում եւ պետք է որոնենք լուծումը: Երկու հարց ունենք՝դպրոցների խորհուրդները չեն արդարացնում այն ֆունկցիաները, որոնք իրենց վրա դրված են: Իրենք շատ հաճախ ոչ թե քաղաքականություն, ռազմավարական ուղղություն որոշող են, այլ կամակատար են: Պետք է դպրոցների խորհուրդների կարգավիճակը քննարկենք: Երկրորդ՝ դպրոցի տնօրենը եւ պետք է ավելի պատասխանատու լինի, եւ ավելի օրինապահ:

40 հազար ուսուցիչ ունենք, եթե ուզում ենք քաղաքական մշակույթ ունենալ, պետք է այդ հզոր զանգվածը պետք է ներառվի կուսակցությունների եւ քաղաքական մշակույթի մեջ: Եթե իրենք չեն կարողանում սահմանազատել իրենց աշխատանքը իրենց գաղափարախոսական ուղղվածությունից, դա հիմնախնդիր է: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ օրենքներով այդ սահմանազատումն անենք»:

Ինչ վերաբերում է դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների հետ կապված հայտնի ձայնագրություններին եւ դրան հետեւած՝ տնօրենների կոլեգիալ դատական հայցին, ԿԳ նախարարը միայն նշեց. «Ես օրինականության եւ ՀՀ օրենքների պաշտպանության կողքին եմ»:

Հարցին, թե օրինակա՞ն է տնօրենների պահանջը, որոնք դատի են տվել «Իրազեկ քաղաքացիների» միավորման ղեկավար Դանիել Իոաննիսյանին՝ հայտնի ձայնագրությունները հրապարակելու համար, նախարարը պատասխանեց. «Դատական գործ է բացված, դատարանը կորոշի: Մենք ինքներս քննություն ենք անցկացնում ավագ դպրոցների մասով, նաեւ նույնը խնդրել ենք քաղաքապետարանին եւ մարզպետարաններին: Կամփոփենք, կխոսենք Մարդու իրավունքների պաշտպանի հետ, կխոսենք ընտրական հանձնաժողովի հետ եւ հրապարակային կասենք: Հանձնաժողով է ստեղծված, մոտ ժամանակներս նյութերը կամփոփենք, ՀՀ օրենքները բոլորի համար պարտադիր են, եթե կլինի պաշտոնի դիրքի չարաշահում, օրենքին համապատասխան կներկայացնենք»: