Ոստիկանությունն արձագանքել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությանը՝ կապված չնախատեսված վայրերում աղբը թափելու դեպքերը կանխելու հետ:
Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«ՀՀ կառավարության կողմից ոստիկանությանը խնդիր է առաջադրվել արտաքին ծառայության ուժերով ապահովել չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերի կանխարգելումը:
Ոստիկանությունը սկզբունքային, հետեւողական ու խստապահանջ է լինելու այս խնդրի իրականացման գործում:
Միեւնույն ժամանակ, մեր համաքաղաքացիներին կոչ ենք անում այսօրվանից իսկ ընդգրկվել «Մաքուր Հայաստան» ծրագրում, օժանդակել իրավապահներին՝ բացառելու ճամփեզրերին, բնակավայրերում, հանգստի եւ ժամանցի գոտիներում աղբ թափելու դեպքերը:
Տեղական ինքնակառավարման մարմիններին, ձեռնարկատերերին, առեւտրի եւ սննդի կետերի, հանգստի վայրերի տնօրեններին առաջարկում ենք առկա բոլոր միջոցներով եւ առավելագույնս կարճ ժամանակում իրականացնել տնօրինած տարածքների մաքրման աշխատանքն ու կանխել աղբ թափելու դեպքերը:
Ոստիկանությունը լիահույս է, որ «Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացման գործում կունենա պատկան մարմինների եւ իրավագիտակից քաղաքացիների լիարժեք աջակցությունը, իսկ օրինազանցները կենթարկվեն վարչական իրավախախտման համար նախատեսված պատասխանատվության»:




























