Առանց պետական եւ հանրային դիվանագիտության համադրության Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում անհնար է հաջողության հասնել: Այս մասին հայտարարել է արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
Նա նշել է, որ հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումները՝ ժամանակակից դիվանագիտությունը շատ է փոխվել: «Դիվանագիտության մեթոդաբանությունը փոխվել է, եւ սա անհրաժեշտ է հաշվի առնել: Եթե Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն ընդգրկված է միայն Երեւանի արտաքին քաղաքականության պաշտոնական օրակարգում, ապա չի հաջողվի նպատակին հասնել»:
Դիվանագետը նշել է, որ այս հարցում անհրաժեշտ է ներգրավել ժողովրդական կամ հանրային դիվանագիտությունը: «Ինչպես հայրենիքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս յուրաքանչյուր հայ պետք է ներգրավվի գործընթացին, որի արդյունքը պետք է լինի ինչպես Ցեղասպանության ճանաչումը, այնպես էլ փոխհատուցումները: Առանց պետական եւ հանրային դիվանագիտության համադրության անհնար է հարցի լուծմանը հասնել»,- կարծում է նա:




























