ԵՄ-ը մտադիր է Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո քննարկել միությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունները ժամանակավորապես կասեցնելու հարցը: Այս մասին հայտնում է Welt պարբերականը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին:

«Այս թեման կընդգրկվի ԵՄ երկրների ԱԳ նախարարների հանդիպման օրակարգում, որը տեղի է ունենալու Մալթայում՝ հաջորդ շաբաթվա վերջին (ապրիլի 28-29-ը), ԱԳ նախարարները Եվրահանձնաժողովին կոչ կանեն քննարկել՝ արդյոք Անկարան չի՞ խախտել անդամակցության շուրջ բանակցությունների հիմնական ուղղությունները, եւ համապատասխանաբար՝ անհրաժեշտ չէ՞ այն ժամանակավորապես դադարեցնել»,- ասել է իրավիճակին ծանոթ դիվանագետը:

Welt-ը նշում է, որ ԵՄ-ում հաշվի են առնում այն հանգամանքը, որ ԵՀ-ը խորհուրդ է տալիս առաջիկայում անորոշ ժամանակով դադարեցնել Անկարայի հետ բանակցությունները Թուրքիայում ազատության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների  սկզբունքների լուրջ եւ շարունակական խախտումների պատճառով: