Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը դեմ է հանդես եկել «վաղաժամ որոշումներին» եւ Թուրքիայի սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու հարցի հանրաքվեից հետո ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունների դադարեցմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Թուրքիայում այս պատմական քվեարկությունից հետո մենք պետք է դարձյալ քրտնաջանորեն հավաքենք երկխոսության թելերի մասերը եւ միասին հյուսենք»,- հայտարարել է նա Rheinische Post պարբերականի հետ հարցազրույցում:

Գաբրիելը նշել է, որ մի շարք թեմաներ կան՝ լրագրող Դենիզ Յուջելի կալանավորումից մինչեւ Սիրիայի ճգնաժամի կարգավորումը, որոնք Անկարայի հետ քննարկում են պահանջում:

«Վերջին հաշվով, Թուրքիան ինքը պետք է որոշի՝ ցանկանում է ԵՄ-ից էլ ավելի շատ հեռանալ: Ամեն դեպքում մենք մեր կասկածները չենք թաքցրել վերջին ամիսներին Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ»,- ասել է Գաբրիելը:

«Այն, ինչ այնտեղ տեղի է ունենում՝ պատգամավորների, ընդդիմադիրների, լրագրողների կալանավորումները, այս ամենն ամենեւին չեն համապատասխանում ժողովրդավարական ստանդարտներին»,- ամփոփել է Գերմանիայի ԱԳ նախարարը: