Հյուսիսային Կորեայի հրթիռային եւ միջուկային հավակնությունների առիթով սաստկացող վիճաբանությունների ֆոնին ամերիկացի զինվորականները սկսել են Հարավային Կորեայում հակահրթիռային պաշտպանության THAAD համալիրի տեղակայումը, որը ոչ միանշանակ արձագանք է առաջացրել ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանում, փոխանցում է BBC-ն: 

Սոնջու նահանգում, որտեղ չորեքշաբթի տեղափոխել են համալիրի սարքավորումները, ամերիկյան ռազմական տեխնիկայի շարասյանը դիմավորել են հարյուրավոր ցուցարարներ, որոնք բողոքում են երկրում ՀՀՊ համակարգի տեղակայման դեմ:

Պեկինը հայտարարել է, որ THAAD համալիրի տեղակայումը խափանում է տարածաշրջանի անվտանգությունը:

Վախենալով, որ Փհենյանը հրթիռային եւ միջուկային նոր փորձարկումներ է ծրագրում՝ ԱՄՆ-ն արդեն Կորեական թերակղզու ափ է ուղարկել ավիակրային խումբ:

Չորեքշաբթի Սպիտակ տանը գաղտնի ճեպազրույց է նշանակված, որին հրավիրված են ԱՄՆ Սենատի բոլոր 100 անդամները: Վաշինգտոնը նաեւ ՄԱԿ Անվտանգության խորհրդին է դիմել՝ կոչ անելով անհապաղ զբաղվել հյուսիսկորեական խնդրով, իսկ զուգահեռ փորձել է հասնել Պեկինի աջակցությանը:

Հարավային Կորեայի Պաշտպանության նախարարությունից հստակեցրել են, որ ՀՀՊ համակարգի տեղակայման հարցը համաձայնեցվել է դեռեւս անցյալ տարի, սակայն այն շահագործման կհանձնվի միայն 2018-ի վերջին:

Հակահրթիռային THAAD համալիրի տեղակայումը ժամանակով համընկնել է չինական նոր ավիակրի ջուրն իջեցնելու մեկնարկին՝ այն Պեկինի զինանոցում երկրորդ ավիակիրն է, բայց իր՝ Չինաստանի կառուցած առաջին ավիակիրը: