Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չի մեկնելու Լիսաբոն՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի հերթական գագաթաժողովի շրջանակներում կայանալիք հանդիպմանը: Նոյեմբերի 20-ին նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում անցկացվող` «Աֆղանստանում ՄԱԿ-ի մանդատով ՆԱՏՕ-ի ղեկավարած Միջազգային անվտանգության աջակցման ուժերին մասնակցող երկրների ղեկավարների հանդիպմանը» մասնակցելու են Հայաստանի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները: Այդ մասին հայտնել է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը:
Ըստ Արզումանյանի՝ Հայաստանը կարեւորում է ՆԱՏՕ-ի հետ իր համագործակցությունը, որն ընթանում է Եվրաատլանտյան գործընկերության խորհրդի շրջանակներում եւ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի հիման վրա: «Այդ համագործակցության ծավալների ու ձեւերի հետեւողական աճ է արձանագրվում: Հայաստանն այսօր ակտիվ ներգրավվածություն ունի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվող բազմաթիվ վարժանքների, ուսումնական ծրագրերի, զորավարժությունների: Որպես գործընկեր երկիր` Հայաստանը վերջին տարիներին նաեւ նման զորավարժություններ հյուրընկալել է իր տարածքում: Մենք բարձր ենք գնահատում Հյուսիսատլանտյան դաշինքի ներդրումը ՀՀ զինված ուժերի բարեփոխման գործընթացին: Հայաստանի Հանրապետության մասնակցությունը ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողություններին Կոսովոյում եւ Աֆղանստանում արդյունավետ փոխգործակցության լավագույն դրսեւորումներից է»,- նշել է նախագահի մամուլի քարտուղարն ու հավելել. «Այդ համագործակցությունը, համաձայն մեր երկրի ազգային անվտանգության ռազմավարության, Հայաստանի անվտանգության մակարդակի բարձրացման բաղադրիչներից է: Այդ առումով հատկապես կարեւորվում են Հայաստանի համար կենսական խնդիրների շուրջ ընդունվող փաստաթղթերի բովանդակությունն ու դրանցում տեղ գտնող ձեւակերպումները, որոնք պետք է ուղղված լինեն տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանը:
Հայկական կողմը բազմիցս ընդգծել է հակամարտությունների լուծման ընդհանրական ձեւակերպումների անընդունելիությունը: ՆԱՏՕ-ի Լիսաբոնյան համաժողովի հռչակագրի նախագծում հարավկովկասյան կոնֆլիկտների լուծման նախկին ընդհանրացված ձեւակերպման պահպանումը, որում հղում է կատարվում ԵԱՀԿ կողմից հռչակված սկզբունքներից միայն մեկին, վատ ազդակ կարող է դառնալ եւ լրացուցիչ բարդություններ ստեղծել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում, հատկապես` վերջին շրջանում Ադրբեջանի ռազմական ծախսերի աննախադեպ աճի եւ նրա ղեկավարության հայատյաց հռետորաբանության ֆոնի վրա»:
Ըստ Արզումանյանի՝ հաշվի առնելով այս մտահոգությունը` Հայաստանի նախագահը որոշում է կայացրել չմեկնել Լիսաբոն: Նշված հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները:





























