Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը երեկ պաշտոնապես հաստատել է թերթի այն տեղեկութունը,  որ ժամը 17-ի սահմաններում գլխուղեղի հրազենային վնասվածքով Էջմիածնի հիվանդանոց է տեղափոխվել 55-ամյա Գեւորգ Այվազյանը. «Հանգամանքները պարզվում են»: Էջմիածնի հիվանդանոցի ընդունարանից թերթին հայտնել են, որ Գեւորգին երեկոյան տեղափոխել են Երեւան, սակայն չգիտեն, թե կոնկրետ որ հիվանդանոց: «Հրապարակ»-ին չի հաջողվել պարզել, թե գլխից վնասված Այվազյանն ինչ վիճակում է: «Մեր աղբյուրներից հաջողվեց ճշտել միայն, որ Էջմիածնում «Ճուտ Գեւոր» մականունով հայտնի այս անձն աշխատել է «Արա եւ Այծեմնիկ» ՍՊԸ-ում, որի տնօրենն է գեներալ Մանվելի կինը՝ Նազիկը: Ըստ որոշ լուրերի, Այվազյանը ֆինանսական հարցերով է զբաղվել եւ չարաշահումներ է թույլ տվել:

Դրանք սեփականատիրոջ կողմից հայտնաբերվել են, եւ նա ինքնասպանության փորձ է արել: Սակայն կարծիք կա, որ կատարվածն այնքան էլ ինքնասպանություն չէ, նրան «օգնել են» դրանում: Քննությունը դա պետք է պարզի»,-գրում է թերթը: