ԲՀԿ փոխնախագահ Վարդան Վարդանյանը բացառում է, որ «Ծառուկյան» դաշինքի թեկնածուներն առանց իմանալու են ստորագրել մանդատից հրաժարվելու դիմումները: Այս մասին Վարդան Վարդանյանն ասել է  NEWS.am-ի հետ զրույցում։  ԲՀԿ փոխնախագահը, ինչպես իր կուսակիցները, չէր ցանկանում խոսել երեկվա սկանդալային բացահայտումից,   հորդորեց հարցեր չտալ մանդատների շուրջ ստեղծված իրավիճակից։

Անդրադառնալով  ինքնաբացարկի դիմումներից հրաժարված թեկնածուների այն պնդումներին, որ իրենց տեղյակ չեն պահել ինքնաբացարկի դիմումները  ԿԸՀ ներկայացնելուց առաջ, ասել ՝ դա հնարավոր չէ։

Ինչ վերաբերում է  թեկնածուների պնդումներին, որ իրենք չեն իմացել՝ ինչ փաստաթղթի տակ են ստորագրել, ԲՀԿ փոխնախագահն ասել է.  «Ես չգիտեմ՝ ինչ են ասում, բայց ես բացառում եմ, որ առանց իմանալու ստորագրեն»։

Հարցին, կարելի՞ է ասել, որ երեկվա միջադեպից հետո արդեն պառակտում կա ԲՀԿ–ում եւ մանդատները ստացած  ութ պատգամավորներն անջատվելու են ԱԺ–ում դաշինքի խմբակցությունից, նա պատասխանել է. «Ես կուսակցությունում եմ եւ նման խոսակցություն չկա, ես չեմ ուզում պատասխանել այդ թեմային վերաբերող հարցերին»։

Վարդանյանը խուսափեց պատասխանել նաեւ հարցին, թե ինչու  դաշինքից որեւէ կերպ չեն արձագանքում այս աղմակահարույց դեպքին:

Հիշեցնենք, որ «Ծառուկյան» դաշինքը ԿԸՀ էր ներկայացրել  23  թեկնածուի ինքնաբացարկի դիմում, որից 12–ը ավելի ուշ հայտարարեցին, որ այդ դիմումները ներկայացրել են առանց իրենց հետ համաձայնեցնելու, ավելին միայն ԿԸՀ–ի հրապարակումից հետո են տեղեկացել, որ իրենք դիմումներ են ներկայացրել։ ե ԿԸՀ երեկվա  նիստում  ինքնաբացարկի դիմումներից հրաժարված 12 թեկնածուից ութը ստացավ պատգամավորի մանդատ, չորսը չեն ընտրվել։