Պարզ է, որ «Ելք» դաշինքը եւ «Երկիր ծիրանի» կուսակցությունը ինչ-որ չափով միմյանց խանգարում են: Այս մասին մայիսի 4-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
Նրա խոսքով՝ այս 2 ուժերի մեկնարկային պայմանները, սակայն, բավականին տարբեր են: «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժը խորհրդարանական ընտրություններում լուծել է գլխավոր խնդիրը՝ նրանք գլխավոր ընդդիմադրի կարգավիճակ են ստացել: «Ծառուկյան» դաշինքը եւս կարծես իշխանություն չէ, սակայն հանրության շրջանում այնպիսի ընկալում է, որ «Ելք» դաշինքն է գլխավոր ընդդիմադիր ուժը»,- նշեց Հակոբյանը: Հաշվի առնելով Երեւանում ստացած 15 տոկոս ձայները՝ «Ելք» դաշինքը փորձում է միավորել ամբողջ ընդդիմադիր ընտրազանգվածին, քանի որ «Ծառուկյան» դաշինքը Երեւանի ավագանու ընտրություններին չի մասնակցում, հավելեց նա:
«Զարուհի Փոստանջյանի ղեկավարած «Երկիր ծիրանի» կուսակցության նպատակը ավելի շուտ այն է, որ նա ներկայացված լինի: Սա կուսակցության համար շատ հարմար մեկնարկ է: Առավել եւս, որ անկախ ստացած ձայներից, կուսակցությունը կարող է ավագանիում ներկայացված լինել»,- շեշտեց Վիգեն Հակոբյանը՝ հավելելով, որ ընդդիմադիրների գլխավոր խնդիրը սեփական ընտրողների հետաքրքրությունն առաջացնելն է, որպեսզի նրանք գնան քվեարկությանը:
Հիշեցնենք, որ մայրաքաղաքի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին:




























