Ֆրանսիայում հունիսի 16-ին կայանալիք  խորհրդարանական ընտրություններին երեք ֆրանսահայ է մասնակցելու: Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ֆրանսիայի Ռոն-Ալպ շրջանի տարածաշրջանային պատգամավոր Հիլդա Չոբոյանը:

Նա նշեց, որ ընտրություններին մասնակցելու են Պասկալ Շամասյանը, Գիյոմ Գասպարյանը եւ Դանիել Կազարյանը:

«Պասկալ Շամասյանը ավանդական աջակողմյան է, Վալերի Բուայեի դեմ է, սակայն, Մարսելում Բուայեն բարի համբավ ունի եւ ֆրանսահայերը նրան շատ են հարգում: Եվ հենց այդ պատճառով էլ Շամասյանի ընտրվելու հավանականությունն հարցականի տակ է»,- ասաց նա:

Հիլդա Չոբոյանը նշեց, որ ծագումով հայ մյուս թեկնածուն Դանիել Կազարյանն է, որը Ֆրանսիայի քաղաքականության մեջ ակտիվ մասնակցություն չի ունեցել:

«Նա նոր դեմք է, հայտնի չէ, տեսնենք, թե ինչ կլինի»,-ասաց նա՝ նշելով, մյուս թեկնածուին՝ Գիյոմ Գասպարյանին ֆրանսահայերն ընդհանրապես չեն ճանաչում:

Հիլդա Չոբոյանի խոսքով, Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է կին, որի ամուսինը հայ է՝ Նաթյա Էսայանը. «Ասում են՝ ծագումով պաղեստինցի է, բայց ամուսինը հայ է, շատ հետաքրքիր թեկնածու է»:

Նա նշեց, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցող թեկնածուների ցուցակը դեռ ամբողջական չէ եւ այն կարող է դեռ նոր անուններով համալրվել: