Այսօր` նոյեմբերի 22-ի երեկոյան եռօրյա պաշտոնական այցով Սիրիա կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը: ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակության կազմում են ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը,  ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Սա‎ֆարյանը, պատգամավորներ Անահիտ Բախշյանը, Սուրիկ Պողոսյանը, Մարտին Սարգսյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը:

ՀՀ ԱԺ նախագահը Դամասկոսում հանդիպումներ կունենա Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի, Ժողովրդական ժողովի նախագահ Մահմուդ ալ-Աբրաշի, վարչապետ Նաջի Օտրիի հետ: Հովիկ Աբրահամյանը ելույթ կունենա Սիրիայի Ժողովրդական ժողովի նստաշրջանում: Այստեղ տեղի կունենա Հայաստանի եւ Սիրիայի պատվիրակությունների ընդլայնված նիստ,  երկու երկրների խորհրդարանների նախագահները կստորագրեն   փոխըմբռնման հուշագիր: ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի նաեւ  Դամասկոսի Հայոց Թեմի Առաջնորդարան:

Հալեպում Հովիկ Աբրահամյանը  կհադիպի Հալեպի նահանգապետ Ալի Ահմադ Մանսուրայի, ՍԱՀ գլխավոր Մուֆթի Բադր ադ-Դին Հասսունի  հետ եւ  կմասնակցի հայկական արտադրության ապրանքների ցուցահանդեսին: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի հայ համայքնի ներկայացուցիչների հետ:

Դեյր Զորում ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի նահանգապետ Հուսեյն Առնուսի եւ նահանգային իշխանության անդամների հետ: Հայ խորհրդարանականները կայցելեն Ս. Նահատակաց եկեղեցի, Հայոց  Ցեղասպանության զոհերի հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք կմատուցեն Հայոց  Ցեղասպանության զոհերի հիշատակին: Նախատեսված է նաեւ հանդիպում հայ    համայնքի ներկայացուցիչների հետ: