Խստորեն դատապարտում ենք բանսարկությունների, ցուցադրական ակցիաների միջոցով ընտրական գործընթացը ստվերելու փորձերը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀԿ նախընտրական շտաբը:

Հայտարարությունում ասվում է.

«Շարունակվում են Երեւան քաղաքի ավագանու ընտրությունները: Օգտվելով առիթից շնորհակալություն ենք հայտնում իրենց քաղաքացիական պարտքը կատարող մեր համաքաղաքացիներին:

Վստահ ենք, որ մրցակցային եւ հագեցած քարոզարշավի շնորհիվ երեւանցիները ծանոթացան բոլոր մասնակիցների ծրագրերին եւ ունեն գիտակցված ու ազատ ընտրություն անելու բոլոր հնարավորությունները:

Միաժամանակ հորդորում ենք մեր մրցակիցներին զերծ մնալ ՀՀԿ շտաբերի բնականոն գործունեությունը խոչընդոտելու քայլերից, խստորեն դատապարտում ենք բանսարկությունների, ցուցադրական ակցիաների միջոցով ընտրական գործընթացը ստվերելու փորձերը, իրավապահ մարմիններին կոչ ենք անում շարունակական ջանքեր գործադրել ընտրությունների օրինական ընթացքը ապահովելու համար, իսկ լրատվական միջոցների ներկայացուցիչներին խնդրում ենք ցուցաբերել անաչառ եւ անկողմնակալ վերաբերմունք»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւան Ավան թաղամասում գտնվող քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում լարված իրավիճակ է ստեղծվել: «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ, քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը պահանջում է բացել դարակները, որտեղ իր պնդմամբ, գտնվում են ընտրակեղծարարության փաստեր: ՀՀԿ-ի շտաբի աշխատակիցները, սակայն, հրաժարվում են բացել դարակները:

«Մենք ունենք ահազանգ, որ երեկ երեկոյան այստեղ ընտրակաշառք են բաժանել, այս դարակներում այժմ գտնվում են ապացույցներ այդ մասին»,- ոստիկանության աշխատակցին պատմել է Զարուհի Փոստանջյանը:

ՀՀԿ շտաբի անդամը պարզաբանել է, որ ոչ ոք իրավունք չունի իր դարակները ստուգել: Տարածքային կառույցի ղեկավարն էլ ոստիկանին խնդրեց այնպես անել, որ իրենց շտաբի բնականոն աշխատանքը կարգավորեն եւ իրենք հանգիստ շարունակեն իրենց գործունեությունը:

Ոստիկանները քաշքշելով շտաբից դուրս են բերել Զարուհի Փոստանջյանին եւ փորձել են բերման ենթարկել: Նրա խոսքով, իր դստերը բերման են ենթարկել: