Երեւանի ավագանու ընտրություններում «Երկիր Ծիրանի» կուսակցության թեկնածու Զարուհի Փոստանջյանի դստերը՝ Լիլիթին, չեն հասցրել ոստիկանություն, քանի որ փչացել է ոստիկանական մեքենան:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւան Ավան թաղամասում գտնվող քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում լարված իրավիճակ է ստեղծվել: «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ, քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը պահանջում էր բացել դարակները, որտեղ իր պնդմամբ, գտնվում են ընտրակեղծարարության փաստեր: ՀՀԿ-ի շտաբի աշխատակիցները, սակայն, հրաժարվում էին բացել դարակները:

«Մենք ունենք ահազանգ, որ երեկ երեկոյան այստեղ ընտրակաշառք են բաժանել, այս դարակներում այժմ գտնվում են ապացույցներ այդ մասին»,- ոստիկանության աշխատակցին պատմել է Զարուհի Փոստանջյանը:

Տարածքային կառույցի ղեկավարն էլ ոստիկանին խնդրել է այնպես անել, որ իրենց շտաբի բնականոն աշխատանքը կարգավորեն եւ իրենք հանգիստ շարունակեն իրենց գործունեությունը:

Ոստիկանության աշխատակիցները փորձել են բերման ենթարկել Զարուհի Փոստանջյանին, սակայն հետո կիսատ են թողել գործողությունը, փոխարենը իրենց հետ տարել են նրա դստերը:

Փոստանջյանը գնացել է դստեր հետեւից եւ ճանապարհին նկատել, որ ոստիկանական մեքենան կանգնած է, ոստիկանները նորոգում են, իսկ աղջիկը՝ մեքենայից դուրս սպասում է: Փոստանջյանը իջել է մեքենայից եւ դստերը վերցրել, իր հետ տարել: Ոստիկանները չեն խոչընդոտել:

Թեկնածուի դստեր ձեռքին կապտուկներ են նկատվել: