ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ-կառավարման կենտրոնից փոխանցված ահազանգի համաձայն՝ 2017թ. մայիսի 14-ին  բջջային հեռախոսահամարից իրենց է զանգահարել Գ. Սերոբյանը եւ հայտնել, որ հարձակվել են Երեւան քաղաքի Ավան-Աճառյան 22 հասցեում գտնվող` Երեւանի ավագանու թեկնածու Տ. Մարգարյանի նախընտրական շտաբի վրա: Ավագանու թեկնածուի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում նախապատրաստվող նյութերի շրջանակում Գ. Սերոբյանը հանցագործության մասին տրված հաղորդմամբ հայտնել է, որ ժամը 13.37-ին` առանց իր թույլտվության, նախընտրական շտաբ է ներխուժել Երեւանի ավագանու թեկնածու Զ. Փոստանջյանը, քաշքշել է իրեն եւ շտաբի այլ աշխատակիցների, պատռել իր հագուստը, վնասել շտաբում գտնվող գույքը՝  այդ կերպ խոչընդոտելով իրենց աշխատանքների իրականացմանը:

Ահազանգի կապակցությամբ դեպքի վայր մեկնած ոստիկանության աշխատակիցներին Երեւանի ավագանու թեկնածու Զ. Փոստանջյանը հայտարարել է, որ տվյալ շտաբում ընտրակաշառք է բաժանվում: Զ. Փոստանջյանի հայտարարության կապակցությամբ` ոստիկանության աշխատակցի զեկուցագրի հիման վրա, ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում նախապատրաստվում են նյութեր՝ ընտրակաշառք տալու առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ:

Հիշյալ երկու դեպքերի առթիվ նախապատրաստվող նյութերը ՀՀ գլխավոր դատախազության կողմից պահանջվել են՝ դրանց հետագա  նախապատրաստումը ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հանձնարարելու նպատակով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւան Ավան թաղամասում գտնվող քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում լարված իրավիճակ է ստեղծվել: «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ, քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը պահանջում էր բացել դարակները, որտեղ իր պնդմամբ, գտնվում են ընտրակեղծարարության փաստեր: ՀՀԿ-ի շտաբի աշխատակիցները, սակայն, հրաժարվում էին բացել դարակները:

«Մենք ունենք ահազանգ, որ երեկ երեկոյան այստեղ ընտրակաշառք են բաժանել, այս դարակներում այժմ գտնվում են ապացույցներ այդ մասին»,- ոստիկանության աշխատակցին պատմել է Զարուհի Փոստանջյանը:

Տարածքային կառույցի ղեկավարն էլ ոստիկանին խնդրել է այնպես անել, որ իրենց շտաբի բնականոն աշխատանքը կարգավորեն եւ իրենք հանգիստ շարունակեն իրենց գործունեությունը:

Ոստիկանության աշխատակիցները փորձել են բերման ենթարկել Զարուհի Փոստանջյանին, սակայն հետո կիսատ են թողել գործողությունը, փոխարենը իրենց հետ տարել են նրա դստերը: