ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մանրամասն ուսումնասիրվել են ՀՀԿ քաղաքապետի թեկնածուի՝ Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող նախընտրական շտաբում Ազգային ժողովի պատգամավոր, «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի մասնակցությամբ միջադեպն արձանագրած տեսանյութերը:

«Մանրամասն ուսումնասիրվել են հատկապես Ոստիկանության ծառայողների գործողությունները միջադեպի ընթացքում` կապված Զարուհի Փոստանջյանի նկատմամբ վերաբերմունքի, նրան բերման ենթարկելու փորձի հետ:

Այդ կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարում է, որ Ոստիկանության ծառայողները պարտավոր են հարգել մարդու իրավունքները, ցուցաբերել զսպվածություն ցանկացած քաղաքացու և հատկապես քաղաքական գործընթացի մասնակցի հետ շփման ընթացքում:

Ոստիկանության ծառայողը պարտավոր է լինել հարգալից և անկողմնակալ: Սրանք օրենքով սահմանված՝ հանրության վստահությունն ապահովող պահանջներ են, որ ենթակա են պարտադիր կատարման: Այդ պահանջների կատարումը հատկապես կարևոր է հանրային ուշադրության ներքո գտնվող այնպիսի մի իրադարձության առնչությամբ, ինչպիսին Երևանի ավագանու ընտրություններն են:

Ոստիկանության ծառայողների գործողությունների վերաբերող բոլոր նյութերը Պաշտպանի աշխատակազմում ամփոփվել են և կուղարկվեն Ոստիկանություն՝ համապատասխան վարույթ սկսելու պահանջով», - ասված է ՄԻՊ-ի տարածած հայտարարության մեջ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւան Ավան թաղամասում գտնվող քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում լարված իրավիճակ է ստեղծվել: «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ, քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը պահանջում էր բացել դարակները, որտեղ իր պնդմամբ, գտնվում են ընտրակեղծարարության փաստեր: ՀՀԿ-ի շտաբի աշխատակիցները, սակայն, հրաժարվում էին բացել դարակները:

«Մենք ունենք ահազանգ, որ երեկ երեկոյան այստեղ ընտրակաշառք են բաժանել, այս դարակներում այժմ գտնվում են ապացույցներ այդ մասին»,- ոստիկանության աշխատակցին պատմել է Զարուհի Փոստանջյանը:

Տարածքային կառույցի ղեկավարն էլ ոստիկանին խնդրել է այնպես անել, որ իրենց շտաբի բնականոն աշխատանքը կարգավորեն եւ իրենք հանգիստ շարունակեն իրենց գործունեությունը:

Ոստիկանության աշխատակիցները փորձել են բերման ենթարկել Զարուհի Փոստանջյանին, սակայն հետո կիսատ են թողել գործողությունը, փոխարենը իրենց հետ տարել են նրա դստերը: