Անհասկանալի է, երբ մուտք է գործվում ընտրական շտաբ եւ փորձ կատարվում կաթվածահար անել ողջ ընտրական  աշխատանքը: Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ անդրադառնալով «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ, Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի կողմից ՀՀԿ նախընտրական շտաբ մուտք գործելու փաստին:

Նրա խոսքով, յուրաքանչյուր կուսակցություն իր գործունեությունը կազմակերպում եւ իրականացնում է իր շտաբերի միջոցով. «Այն երեւույթը, որը տարածվել է համացանցով եւ որին նաեւ մենք հետեւեցինք, անկեղծ ասած, անընկալելի է, երբ մուտք է գործվում ընտրական շտաբ եւ փորձ կատարվում կաթվածահար անել ողջ ընտրական  աշխատանքը»,- ընդգծել է Մուկուչյանը՝ հավելելով, որ համապատասխան կառույցները կորակեն, թե ինչ հատկանիշներ է պարունակում արարքը եւ դրանով էլ կլինի գնահատականը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւան Ավան թաղամասում գտնվող քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում լարված իրավիճակ է ստեղծվել: «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ, քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը պահանջում էր բացել դարակները, որտեղ իր պնդմամբ, գտնվում են ընտրակեղծարարության փաստեր: ՀՀԿ-ի շտաբի աշխատակիցները, սակայն, հրաժարվում էին բացել դարակները:

«Մենք ունենք ահազանգ, որ երեկ երեկոյան այստեղ ընտրակաշառք են բաժանել, այս դարակներում այժմ գտնվում են ապացույցներ այդ մասին»,- ոստիկանության աշխատակցին պատմել է Զարուհի Փոստանջյանը:

Տարածքային կառույցի ղեկավարն էլ ոստիկանին խնդրել է այնպես անել, որ իրենց շտաբի բնականոն աշխատանքը կարգավորեն եւ իրենք հանգիստ շարունակեն իրենց գործունեությունը:

Ոստիկանության աշխատակիցները փորձել են բերման ենթարկել Զարուհի Փոստանջյանին, սակայն հետո կիսատ են թողել գործողությունը, փոխարենը իրենց հետ տարել են նրա դստերը: