Այսօրվա սկանդալը Զարուհի Փոստանջյանի համար իր հանդեպ ուշադրություն գրավելու ու քաղաքական ֆիանսկոյից խուսափելու հնարավորություն էր ։ Այս մասին Երեւանի ավագանու ընտրությունների ավարտից հետո ՀՀԿ կենտրոնական շտաբում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ մեկնաբանելով ՀՀԿ շտաբում քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Զարուհի Փոստանջյանի մասնակցությամբ միջադեպը։
Նա նշել է, որ ՀՀԿ-ն հյուրասեր կուսակցություն է, բայց այդ հյուրասիրությունը չի կարելի չարաշահել։ «Ոչ ոք իրավունք չունի մտնել կուսակցության շտաբեր՝ չունենալով դրա համար քաղաքական, բարոյական ու իրավական իրավունք։ Ու եթե տիկին Փոստանջյանը հաղորդագրություններ ուներ խախտումների մասին, նա պետք է դրանց մասին հայտներ ոստիկանություն, որպեսզի նրանք, հետքերով գնալով, հետաքննություն սկսեին»,- նշել է Արմեն Աշոտյանը։
Նրա խոսքով, Զարուհի Փոստանջյանը, ունենալով իրավաբանական կրթություն, պետք է այդ մասին հոյակապ իմանա։ «Բայց դրա փոխարեն նա ներխուժել է շտաբի տարածք։ Եվ նման ներխուժումները կուսակցության ներկայացուցիչները ընկալում են որպես իրենց գործունեությանը խոչընդոտելու փորձ»,- ասել է ՀՀԿ ներկայացուցիչը։
Արմեն Աշոտյանը ափսոսանք է հայտնել, որ ծեծկռտուքի հետեւանքով տուժել է Զարուհի Փոստանջյանի դուստրը, սակայն նրա կարծիքով երեխաներին չի կարելի ոչ մի ձեւով ներգրավել քաղաքական գործընթացների մեջ։
Նա հավելել է, որ շտաբում ընտրողների ցուցակներ ունենալը չի արգելվում օրենքով, հակառակը, ցանկացած կուսակցություն, որը բավականին լուրջ է վերաբերում ընտրությունների գործընթացին, ունի այդ ցուցակները, որպեսզի ավելի արդյունավետ աշխատի իր ընտրազանգվածի հետ։
Արմեն Աշոտյանը նշել է, որ մայիսի 12-ին Զարուհի Փոստանջյանի եզրափակիչ հանրահավաքի ժամանակ մի քանի հարյուր մարդ էր հավաքվել։ «Նրա հետեւորդների բանակը պարզվել էր՝ այնքան մեծ չէր, որպեսզի բավարարեր վերջերս ստեղծված քաղաքական ուժի քաղաքական նկրտումները։ Ու դա եւս մեկ առիթ է դարձել դիմելու համար այն գործողություններին, որոնք հակասում են գրված ու չգրված օրենքներին»,- ասել է նա։




























