Ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ «Ելք» դաշինքն ունի կայուն ընտրազանգված։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի ավագանու ընտրություններին մասնակից «Ելք» դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

«Երեւանի քաղաքապետարանի ավագանու ընտրություններին «Ելք» կուսակցությունների դաշինքը ստացել է ձայների 21%-ը` 70 731 քվե: Գրեթե նույն քանակի ձայն էր ստացել «Ելք» դաշինքը Երեւանում ԱԺ ընտրությունների ժամանակ, ինչը նշանակում է «Ելք» դաշինքն ունի կայուն ընտրազանգված: «Ելք» դաշինքը ձեռնարկեց քայլեր՝ կանխարգելու ընտրակաշառքի բաժանումը, որի վերաբերյալ ձեռք են բերվել ապացույցներ: «Ելք» դաշինքին հաջողվեց բոլոր ընտրատեղամասերում ունենալ վստահված անձ եւ ընտրության հաշվարկները կատարել on-line ռեժիմով: «Ելք» դաշինքը պետք է շարունակի իր աշխատանքներն արդեն ՀՀ ԱԺ, Երեւանի քաղաքապետարանում եւ ավելացնի իր ընտրազանգվածը, ինչի հնարավորությունն այսօր առկա է», - գրել է նա:

Նշենք, որ նախօրեին կայացած Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ն ստացել է 71,25 տոկոս ձայն, «Ելք» դաշինքը՝ 21 տոկոս, իսկ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝ 7,75 տոկոս: