«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» հայտարարություն է տարածել՝ նշելով, որ խստորեն դատապարտում է Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի եւ նրա դստեր հանդեպ ուժի կիրառման փաստը՝ այն համարելով ապօրինի եւ անընդունելի։
Կոալիցիայի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Մայիսի 14-ին՝ Երեւանի ավագանու ընտրությունների օրը, ՀՀԿ շտաբում տեղի է ունեցել բռնություն, բիրտ ուժի ապօրինի եւ անթույլատրելի կիրառում՝ «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու, ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եւ նրա դստեր՝ Լիլիթ Դրամփյանի նկատմամբ, որի արդյունքում Փոստանջյանի դուստրը տեղափոխվել է Հանրապետական հիվանդանոց՝ ուղեղի ցնցում ախտորոշմամբ:
Զարուհի Փոստանջյանը Երեւանի քաղաքապետի ՀՀԿ-ի թեկնածու Տարոն Մարգարյանի Ավան վարչական շրջանի շտաբ էր եկել ընտրակաշառքի ցուցակների առկայության մասին ահազանգի հետքերով, որտեղ էլ տեղի է ունեցել Զարուհու եւ նրա դստեր նկատմամբ բռնություն, նախ՝ ՀՀԿ ներկայացուցիչների, այնուհետեւ՝ ոստիկանների կողմից։ Ոստիկանության ներկայացուցիչները «Երկիր Ծիրանի» կուսակցության թեկնածուին եւ նրա դստերը հրելով, քարշ տալով դուրս են բերել ՀՀԿ շտաբից, իսկ այնուհետեւ կարճ ժամանակով բերման ենթարկել Լիլիթ Դրամփյանին:
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» խստորեն դատապարտում է Երեւանի քաղաքապետի կին թեկնածուի եւ նրա դստեր հանդեպ ուժի կիրառման փաստը, այն համարելով ապօրինի եւ անընդունելի։
Կոալիցիան կոչ է անում բոլոր իրավապաշտպան կառույցներին հետամուտ լինել դեպքի քննությանը։
Իրավապահ համակարգից պահանջում ենք համակողմանի քննություն անցկացնել ու պատասխանատվության ենթարկել միջադեպի բոլոր մեղավորներին՝ թե՛ ՀՀԿ շտաբի, թե՛ ոստիկանության ներկայացուցիչներին։
Նաեւ` հայտարարում ենք, որ պետության կողմից անբավարար միջոցառումների եւ նման բռնության կիրառման փաստի անտեսման պարագայում, որը հակասում է Հայաստանի կողմից վավերացված մի շարք կոնվենցիաներին, այդ թվում ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին կոնվենցիային» (CEDAW), մենք հետամուտ ենք լինելու բոլոր միջազգային հարթակներում բարձրաձայնելու եւ ի ցույց դնելու այս միջադեպը, որպես պետության պարտավորությունների կատարման թերացում եւ կանանց քաղաքական մասնակցության հնարավորությունների սահմանափակման ու խոչընդոտման վառ օրինակ»:
Հիշեցնենք, որ նախօրեին՝ մայիսի 14-ին, երբ Զարուհի Փոստանջյանը ընտրակաշառքի ցուցակների առկայության մասին ահազանգի հետքերով դստեր հետ մտել էր Տարոն Մարգարյանի Ավան վարչական շրջանի շտաբ, նրանց նկատմամբ բռնություն էր գործադրվել նախ՝ Փոստանջյանի պնդմամբ, ՀՀԿ ներկայացուցիչների, այնուհետեւ՝ ոստիկանների կողմից: Փոստանջյանին փորձել էին բերման ենթարկել, սակայն ավարտին չէին հասցրել գործողությունը, իսկ նրա դստերը ոստիկանական մեքենաներով տարել էին:



























