Քվեարկությունը տեղի ունեցավ ցածր մասնակցության, բայց եւ ընտրողների նկատմամբ վերահսկողության  պայմաններում: Այդ մասին ասվում է «Անկախ դիտորդ» նախաձեռնության հայտարարության մեջ։

«Ընտրությունների դիտարկման անկախ ինստիտուտը կրկին անգամ չարաշահվեց եւ վարկաբեկվեց հասարակական կազմակերպությունների անունից դիտորդ հանդես եկող սակայն թեկնածուների շահերը ներկայացնող անձանց կողմից:

Նախընտրական քարոզչության ընթացքում բացահայտված խախտումների եւ չարաշահումների վերացման ուղղությամբ իրավասու մարմինները՝  ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ՀՀ Ոստիկանությունը, այլ իրավապահ մարմիններն կրկին ցուցաբերեցին կատարյալ անգործություն՝ խրախուսելով Հանրապետական կուսակցության անպատժելի վարքագիծը:

Քվեարկության արդյունքների ամփոփման ընթացքում, քվեաթերթիկների հաշվարկման փուլում թվաբանական կեղծիքներ գրանցվել են մի քանի տեղամասում:

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը գտնում է, որ 2017թ. մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրություններն անցել են ժողովրդավարական ընտրությունների կարեւորագույն սկզբունքների կոպտագույն խախտումներով: