Իրավապահ մարմիններն արդեն 2 ամսից ավելի է՝ չեն կարողանում գտնել Երեւանում մարտի 2–ին ապրիլյան պատերազմում զոհված Գրիգոր Հարությունյանի հիշատակին տեղադրված հուշաքարը գողացողին:
NEWS.am–ին զոհված զինծառայողի մայրը՝ տիկին Անահիտը, հայտնեց, որ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում հարցաքննվել է այն անձը, որին ինքը կասկածում է գողության մեջ:
«Այդ անձը, սակայն, քննիչներին ասել է, թե ինքը կապ չունի գողության հետ: Ես շարունակում եմ կասկածել, որ ինքն է կատարել գողությունը»,- ասաց տիկին Անահիտը:
Դեպքից հետո տարածքում տեսախցիկներ են տեղադրվել:
Նշենք, որ ապրիլյան պատերազմում զոհված 19-ամյա Գրիգոր Հարությունյանի ընտանիքն ապրում է ծանր սոցիալական վիճակի մասին։ Նրանք ապրում են Գաջեգործների փողոցում, վթարային շենքում։ Բնակարանը, որտեղ ապրում են, ուղղակի ավերակներ են՝ քանդված պատերով, բետոնե հատակով։ Անչափահաս Գրիգորը ստիպված է եղել դպրոցը լքել, որպեսզի կարողանա միայնակ մոր ուսերին ծանրացած բեռը թեթեւացնել։ Բանակ էր զորակոչվել այդ ավերակները տուն դարձնելու երազանքով։ Դեռեւս մանկուց Գրիգորի երազանքը բարեկարգ տանիք ստեղծելն էր, որը ցավոք իրագործվեց իր կյանքի գնով։ Երեւանի քաղաքապետարանը բնակարան է նվիրել ընտանիքին։





























