Բանակում պարբերաբար կրկնվող միջադեպերից Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատարությունը եւ ընդհանրապես զինվորական ղեկավարությունը պետք է հեռուն գնացող եզրակացություներ անեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՀՅԴ խմբակցության անդամ Հրայր Կարապետյանը՝ անդրադառնալով Պաշտպանության բանակի հարավային առաջնային բնագծում տեղի ունեցած մահվան ելքով արտակարգ միջադեպին: «Ես վստահ եմ, որ քննությունը կընթանա մինչեւ վերջ եւ մեղավորները կպատժվեն: Սակայն այս դեպքում միայն դա բավարար չէ: Հարկավոր է շատ ավելի արագացնել բանակի բարեփոխումների ընթացքը, որոշակի հետազոտություններ կատարել բանակում՝ կապված հոգեբանական վիճակի փոփոխության հետ»,-ասաց Կարապետյանը: Նա նաեւ  հավելեց, որ բարձրագույն հրամանատարական կազմը նման միջադեպերից խուսափելու համար պետք է ավելի շատ կապված լինի շաքային զինծառայողների հետ, տեղեկացված լինի նրանց առօրյայից, կենցաղից: «Ես կարծում եմ նաեւ կադրային փոփոխություններ են հնարավոր, սակայն այս մասին իրավասու չեմ խոսելու»,-հավելեց պատգամավորը: Նա նաեւ ընդգծեց, որ պետք է պատժվեն ոչ միայն միջադեպին անմիջական մասնակից զորակոչիկները, այլ նաեւ հրամանատարական կազմի պատասխանատուները, «ովքեր այս բարձիթողի իրավիճակի մեղավորներն են»:

Հրայր Կարապետյանը իր ղեկավարած հանձնաժողովի անունից ցավակցեց բոլոր զոհերի հարազատներին:

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղում նոյեմբերի 19-ի գիշերը N զորամասի պահպանության տակ գտնվող առաջնային բնագծում նույն զորամասի ժամկետային 4 զինծառայողներ մահացել են ստացած հրազենային վիրավորումներից, իսկ 4 զինծառայողներ էլ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: ՊՆ քննչական ծառայության 2-րդ կայազորային քննչական բաժնում «2 եւ ավելի անձանց սպանության» փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Հայաստանի քր.օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (Սպանություն) հատկանիշներով:

Քրեական գործով կասկածյալը, ով հանդիսանում է նույն զորամասի ժամկետային զինծառայող, ձերբակալված է: Նրա տվյալները եւ քրեական գործի այլ մանրամասներ նախաքննության շահերից ելնելով դեռ հրապարակման ենթակա չեն: