Թուրքիայի Բուրսա նահանգի Քումյաքա գյուղում գտնվող եւ աշխարհի ամենահին ուղղափառ եկեղեցիներից մեկը հանվել է վաճառքի 400 հազար թուրքական լիրայով։ (285 հազար ԱՄՆ դոլար):
Ինչպես տեղեկացնում է թուրքական CNNturk-ը, եկեղեցին 10 տարի առաջ գնել էր ստամբուլցի գործարար Մեթե Յալչընը՝ վերանորոգելու համար, սակայն Հուշարձանների վարչության կողմից չի ստացել համապատասխան թույլտվություն եւ վաճառքի է հանել այն:
Քումյաքայի գյուղապետ Ռամիզ Բաթմազը նշել է, թե իրենք պատրաստ են 200 հազար լիրայով գնել 780-797 թվականներին կառուցված պատմական եկեղեցին։ «Եկեղեցու գինը բարձր է։ Մենք ցանկանում ենք այն գնել եւ վերանորոգել՝ դարձնելով մշակութային կենտրոն։ Օգնության համար մենք դիմել ենք Հունաց պատրիարքարան, սակայն դրական պատասխան դեռ չենք ստացել»,-նշել է գյուղապետը:





























