Նոյեմբերի 23-ի կայացած նիստում Սահմանադրական դատարանը բավարարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի դիմումը եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 284-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել ՀՀ Սահմանադրությանը հակասող եւ անվավեր:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՄԻՊ գրասենյակից, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 284-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում էր, որ անձանց նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակում նախատեսող օպերատիվ-հետախուզական միջոցառումները, բացառությամբ այն դեպքերի, երբ խոսակցության մասնակիցներից կամ հաղորդակցվողներից մեկը նախապես դրանք լսելու կամ վերահսկելու համաձայնություն է տվել, կարող են իրականացվել միայն դատարանի որոշմամբ:

Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի 1-ին մասի. յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որպեսզի հարգվի իր անձնական եւ ընտանեկան կյանքը: Իսկ ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի 5-րդ մասն ամրագրում է. Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիության իրավունք, որը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով, դատարանի որոշմամբ:

Վիճարկվող նորմից բխում էր, որ եթե խոսակցության մասնակիցներից կամ հաղորդակցվողներից մեկը նախապես դրանք լսելու կամ վերահսկելու համաձայնություն է տվել, ապա օպերատիվ-հետախուզական գործունեության մարմինը կարող է առանց դատարանի որոշման իրականացնել այդ գործողությունը: Այս իրավունքի սահմանափակումն առանց դատարանի որոշման, հիմք ընդունելով միայն տվյալ միջոցառումն իրականացնող օպերատիվ-հետախուզական գործունեության մարմնի որոշումը եւ խոսակցության մասնակիցներից կամ հաղորդակցվողներից մեկի` նախապես դրանք լսելու կամ վերահսկելու համաձայնությունը ուղղակիորեն հակասում է ՀՀ Սահմանադրությանը, քանի որ ՀՀ Սահմանադրությունը միանշանակ սահմանում է, որ յուրաքանչյուրի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով, դատարանի որոշմամբ: ՀՀ Սահմանադրությունը նշված կարգից որեւէ բացառություն չի նախատեսում:

Հիշեցնենք, որ 2010թ. հունիսի 10-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դիմել էր ՀՀ սահմանադրական դատարան  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 284-րդ հոդվածի 1-ին մասի ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի 1-ին եւ 5-րդ մասերին համապատասխանության հարցը  որոշելու խնդրանքով: