Մանչեսթերի բնակիչ Սալման Աբեդին, որին կասկածում են պայթյունն իրականացնելու մեջ, դրանից մի քանի օր առաջ էր վերադարձել Լիբիայից, հաղորդում է BBC-ն:

Աբեդիի դպրոցական ընկերը Times-ին ասել է, որ Աբեդին մեկնել էր Լիբիա երեք շաբաթ առաջ եւ ահաբեկչությունից մի քանի օր առաջ էր վերադարձել:

Նախօրեին ոստիկանությունը հայտարարել էր, որ 22-ամյա կասկածյալը ծնվել է Մանչեսթերում, իսկ նրա ընտանիքը ծագումով Լիբիայից է:

Ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները փորձում են պարզել՝ արդյո՞ք նա պատրաստություն է անցել ջիհադականների ճամբարում, որտեղ գործում է «Իսլամական պետությունը»:

ԻՊ-ն նախօրեին ստանձնել է «Մանչեսթեր Արենա»-ում պայթյունի պատասխանատվությունը: Որոշ տվյալներով՝ Աբեդի ծնողներն այս պահին դարձյալ բնակվում են Լիբիայում:

Ոստիկանությունը հայտարարել է, որ հիմա հարկավոր է հասկանալ, արդյո՞ք ահաբեկիչը միայնակ է գործել, թե՞ ունեցել է համախոհներ:

Ահաբեկչությանը մասնակցության կասկածանքով երեքշաբթի 23-ամյա երիտասարդ է ձերբակալվել: