Եռօրյա պաշտոնական այցով Սիրիա մեկնած Հայաստանի Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը նոյեմբերի 23-ին հանդիպել է Սիրիայի խորհրդարանի (Ժողովրդական ժողովի) նախագահ Մահմուդ ալ-Աբրաշի հետ եւ նրան պաշտոնապես հրավիրել Հայաստան: Հրավերը սիրով ընդունվել է:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը քննարկեցին միջխորհրդարանական համագործակցության խորացմանը, միջազգային կառույցներում փոխգործակցության ակտիվացմանը վերաբերող  եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող  հարցեր:

Առանձնազրույցից հետո նրանք շրջայց են կատարել Սիրիայի խորհրդարանի շենքում: Այնուհետեւ տեղի ունեցավ Հայաստանի եւ Սիրիայի խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով:

Կողմերը համաձայնել են, որ հայ-սիրիական հարաբերությունների ներուժն ամբողջությամբ իրացնելու գործում յուրահատուկ ներդրում կարող են կատարել երկու երկրների խորհրդարանականները:

Հանդիպման ընթացքում երկու երկրների պատգամավորները կարեւորել են Սիրիայի հայ համայնքի դերը հայ-սիրիական համագործակցությունը խորացնելու գործում: Անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային խնդիրներին, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, հայ-թուրքական հարաբերություններին եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս:

Հանդիպումից հետո ՀՀ ԱԺ նախագահը եւ ՍԱՀ ԺԺ նախագահը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր` բարեկամական կապերի եւ համագործակցության հետագա զարգացման եւ ամրապնդման վերաբերյալ:

Նույն օրը  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունն  այցելել է «Օմայան» մզկիթ: ԱԺ նախագահը շրջել է մզկիթում, գրառում կատարել պատվավոր հյուրերի գրքում:

Հայական պատվիրակության կազմում են ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյանը, պատգամավորներ Անահիտ Բախշյանը, Սուրիկ Պողոսյանը, Մարտին Սարգսյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը: