Նոյեմբերի 19-ին ԼՂՀ Պաշտպանության բանակի հարավային զորամասերում տեղի ունեցած արյունալի միջադեպի համար մեղադրվում է նույն միջադեպի ժամանակ վիրավորված զինծառայող Մանվել Հազրոյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը:
Ըստ այդմ, Հազրոյանին նոյեմբերի 23-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` (երկու եւ ավելի անձանց սպանություն), 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` (երկու եւ ավելի մարդկանց սպանության փորձ), եւ 365 հոդվածի 1-ին մասով` (մարտական ծառայությունը կրելու կանոնները խախտելը): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ներկայումս վիրավորված Հազրոյանը գտնվում է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում: նա ընդունել է իրեն հասցեագրված մեղադրանքները: Նշենք, որ Մանվել Հազրոյանն ազգությամբ հայ է, «Եզդի» մականունով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 19-ի գիշերը ԼՂՀ ՊԲ N զորամասի պահպանության տակ գտնվող առաջնային բնագծում նույն զորամասի ժամկետային 4 զինծառայողներ մահացել են ստացած հրազենային վիրավորումներից, իսկ 4 զինծառայողներ էլ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Տեղի ունեցած միջադեպի հետեւանքով հրազենային կրակահերթերից զոհվել են ժամկետային զինծառայողներ` Լեւոն Սոսի Եսայանը (ծնվ. 1991թ.), Ներսես Վալերիկի Գալոյանը (ծնվ. 1990թ.), Նարեկ Վարդանի Սահակյանը (ծնվ. 1990թ.), Նվեր Մարտիկի Սարգսյանը (ծնվ. 1991թ.):
Հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել ժամկետային զինծառայողներ`Սարգիս Հակոբի Մելքումյանը (ծնվ. 1991թ.), Խաչիկ Սարգսի Ալեքսանյանը (ծնվ. 1992թ.), Մասիս Մավրիկի Գրիգորյանը (ծնվ. 1991թ.) եւ Մանվել Արմենի Հազրոյանը (ծնվ. 1991թ.):
ՊՆ քննչական ծառայության 2-րդ կայազորային քննչական բաժնում «2 եւ ավելի անձանց սպանության» փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Հայաստանի քր.օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (Սպանություն) հատկանիշներով:
Քրեական գործով կասկածյալը, ով հանդիսանում է նույն զորամասի ժամկետային զինծառայող, ձերբակալված է: Նրա տվյալները եւ քրեական գործի այլ մանրամասներ նախաքննության շահերից ելնելով դեռ հրապարակման ենթակա չեն:





























