Մայիսի 27-ին UWC Դիլիջան միջազգային քոլեջում Aurora Dialogues-ի քննարկումների շարքի շրջանակում մեկնարկել են «Աշխարհը լիցքավորելով» թեմայով շնորհանդեսներ եւ ինտերակտիվ քննարկումներ:
Միջոցառման ժամանակ ներածական ելույթներով հանդես են եկել UWC Դիլիջան դպրոցի տնօրեն Դենիս Դեւիդսոնը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ UWC Դիլիջան դպրոցի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:
Ինտերակտիվ քննարկումների առաջին օրվա շրջանակում կրթության, մարդու իրավունքների ոլորտների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչները կքննարկեն այն քայլերը, որոնք ուղղված են փախստականների եւ աշխարհի բնակչության խոցելի շերտերի կյանքի բարելավմանը: Միջազգային քոլեջի աշակերտները կներկայացնեն ներկայիս ամենահրատապ հումանիտար խնդիրների իրենց նորարարական գաղափարները:
«Լրատվամիջոցների դերը» քննարկման ընթացքում ելույթ կունենան մեր հայրենակից, Spotlight հետաքննչական բաժնի հիմնադիր եւ Boston Globe պարբերականի վաշինգտոնյան գրասենյակի նախկին ղեկավար Սթիվ Քյուրքչյանը, նիգերիացի եւ ամերիկացի լրագրող Չիկա Օդուան, Bild պարբերականի խմբագրի տեղակալ Ֆլորիա Ֆոն Այնցը:
«Մարդու իրավունքների պաշտպանություն» թեմայով քննարկման ժամանակ ելույթ կունենան «Քարթեր» կենտրոնի հակամարտությունների կարգավորման ծրագրի ղեկավար, մեր հայրենակից Հրայր Բալյանը, Search for Common Ground ընկերության նախագահ եւ տնօրեն Շամիլ Իդրիսը, Human Rights First ընկերության նախագահ եւ տնօրեն Էլիսա Մասիմինոն եւ համաշխարհային դեսպան, Ամերիկա-հրեական համաշխարհային ծառայության նախագահ Ռութ Մեսինգերը:





























