Ոստիկանության գնդապետ, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության երրորդ վարչության պետի տեղակալ Նելլի Դուրյանը նոյեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նոյեմբերի 18-ին 7 դեռահասների, այդ թվում 5 աղջիկների  ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ենթարկելու փաստին, այն պատճառաբանությամբ, թե իբր նրանք «Էմո» սուբմշակույթի ներկայացուցիչներ են»:

«Մենք կանխարգելիչ բնույթի մեր աշխատանքն ենք իրականացնում: Եթե հոդված է դրվում ինքնասպանության հասցնելը, ապա  ոստիկանությունը պարտավոր է հայտնաբերել եւ պարզել այն անձին, որը դրդել է անչափահասին ինքնասպանության»,- ասաց նա ու հավելեց. «Այս տարի գրանցված ինքնասպանության 38 փորձերից  2-ը եղել է  ինքնասպանության հասցնելու հոդվածով: Ոստիկանությունը պարտավոր է իրականացնել այդ գործառույթները, որը մենք այսօր անում ենք: Նա էմո՞ է, թե` ոչ, ցույց կտա հետաքննությունը»:

Նկատենք, որ որեւէ հոդված երեխաների վրա չի դրվել, ինչպես նշել է Նելլի Դուրյանը: Ավելին, դեռահասներին ոստիկանություն են տարել բռնությամբ, մազերից քաշելով, իսկ հետո հորդորել են գրել, որ իրենք ինքնակամ են եկել ոստիկանություն: Բացի այդ, Նելլի Դուրյանն այդպես էլ չնշեց, որ Հայաստանում 38 ինքնասպանության փորձերից որեւէ մեկը կատարվել է «էմո» սուբմշակույթի կրողների կողմից:

Ինչ վերաբերում է դեռահասներին առանց ծնողներին զգուշացնելու ոստիկանական բաժանմունք բերելուն, նա նշեց. «Եթե մենք փողոցում  հայտնաբերում ենք անչափահաս մուրացկանի, ես կարո՞ղ եմ տեղում կապվել ծնողի հետ: Մենք բերում ենք բաժին, այնուհետեւ անմիջապես զանգահարում ենք ծնողներին, որն էլ եւ իրականացվել է Կենտրոնի բաժնում այդ երեխաների հետ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 18-ին ոստիկանները 7 դեռահասների, այդ թվում 5 աղջիկների, բռնությամբ, մազերից քարշ տալով  մտցրել են մեքենան եւ տարել ոստիկանատուն: Նրանց շարքում է եղել նաեւ այդ պահին պատահական անցնող մի երիտասարդ՝ ճղած ջինսերով լինելու պատճառով: Ոստիկաններն իրենց արարքը բացատրել են նրանով, որ իբրեւ թե անչափահասներն «էմո» սուբմշակույթի ներկայացուցիչներ էին:  Հետագայում երեխաները հերքել էին այդ տեղեկատվությունը եւ նշել, որ ոստիկանների այդ գործողություններն «իսկական ֆաշիզմ է»:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի