Քաղաքագետների միությունը գործող կազմակերպություն է եւ ավելի շատ գործ է անում, քան մի քանի հասարակական կազմակերպություններ իրար հետ վերցրած: Այս մասին նոյեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հմայակ Հովհաննիսյանը, ով ղեկավարում է Քաղաքագետներ միությունը: Նրան վրդովեցրել է Հ1-ով եթեր հեռարձակված այն հաղորդումը, որի ընթացքում հայտարարվել է, թե Քաղաքագետների միությունը որեւէ անդամ չունի: Լրագրողի խնդրանքին՝ թվեք Ձեր միության անդամների անունները, Հովհաննիսյանն արձագանքեց. «Ես գործ տվող չեմ: Իմ կազմակերպության անդամների անուները չեմ տա, ինչի՞ տամ»: Նա, այնուամենայնիվ, մի քանի անուն նշեց, մասնավորապես՝  քաղաքագետներ Արման Նավասարդյան ու Էդիկ Մամիկոնյան:

Հմայակ Հովհաննիսյանին նաեւ հարց ուղղվեց, թե արդյոք, Քաղաքագետների միության նախագահին հարի՞ր է օգտագործել անվայելուչ բառեր, ինչպես օրինակ «ԱԽՔ», կամ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին հասցեին հնչեցված  «կզարան» բառն է:

«Մեր բառապաշարը միշտ եղել է գիտական, քաղաքագիտական, իսկ եթե որոշ մարդիկ փոխաբերական իմաստները չեն ընկալում, այլ ընկալում են ուղիղ, ինչպես անասունները, ապա ոչինչ չեմ կարող ասել: Ցավոք սրտի, մեր քաղաքական դաշտում կան մարդիկ, որոնք, ինչպես անասունները, ուղիղ են ընկալում: Երբ ասում ես գնա անկյուն կանգնի, նա անկյուն է կանգնում, ինչպես դա անում են անասունները»,-ի պատասխան ասաց Հովհաննիսյանը: Նա, ի դեպ, ասաց, որ դպրոցում իրեն երբեք անկյուն չեն կանգնեցրել, չնայած անկարգապահ աշակերտ է եղել եւ դասերից պարբերաբար փախել է:

Հարցին, թե արդյոք հաջորդ խորհրդարանում կհայտնվի՞ ՕԵԿ-ը, Հովհաննիսյանն արձագանքեց՝ «ինչի ՕԵԿ-ը հլը կա՞» եւ հավելեց, որ ՕԵԿ-ն իր համար թիրախ չէ եւ երբեք չի էլ եղել:

Հիշեցնենք, որ Հմայակ Հովհաննիսյանը ժամանակ առաջ հրավիրված ասուլիսում խոսելով քաղաքական դաշտի վերադասավորումների մասին, հայտարարել էր. «Արթուր Բաղդասարյանը գնաց կզարան, Գագիկ Ծառուկյանը չի անում դա, իրեն տղամարդավարի է պահում»: Ի պատասխան հայտարարությամբ հանդես եկավ նաեւ Հեղինե Բիշարյանը՝ խորհուրդ տալով Հովհաննիսյանին «կզարաններ գնալիս մեկ-մեկ գաղտնի աղոթել Աստծուն` մեղա գալով կիսականացի դեմքով կզող տեսակի ու էության համար»:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի