Ակնհայտ է, որ նախընտրական շրջանում Ընտրական օրենսգիրքը որոշակի փոփոխություններ է կրում։ Այս անգամ եւս բացառություն չէր. ներկայացվող նախագիծը, որը բուռն քննարման է ենթարկվել քաղաքական տարբեր ուժերի կողմից եւ հետաքրքրություն է ներկայացնում նաեւ հանրության համար, անցել է նախնական մշակման փուլը եւ որպես միասնական նյութ ներկայացվել է խորհրդարան։ Նոյեմբերի 24-ին հավիրված «ՀՀ Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները» քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը։
«Իսկ ընդհանրապես, ընտրությունները, որպես գործընթաց, կարելի է բաժանել երկու մասի՝ դրանք դիտարկելով իբրեւ հասարակական երեւույթ եւ իրավական գործընթաց»,- նկատեց պատգամավորը՝ «Ընտրական օրենսգրքում» այս անգամ առաջարկվող փոփոխություններից ամենակարեւորը համարելով հանձնաժողովների ձեւավորման կարգը։
«Նախկինում ընտրական եռաստիճան հանձնաժողովները՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ընտրամասային ընտրական եւ տեղամասային ընտրական հանձնաժողովները ձեւավորում էին Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերը։ Այժմ եռաստիճան համակարգի առաջին երկու օղակները ձեւավորվում են այլ սկզբունքով, իսկ երրորդ օղակը, որը պատասխանատու է միայն ընտրությունների կազմակերպման համար, ձեւավորվում է քաղաքական ուժերի միջոցով։ Շատ մեծ տեղաշարժ եւ առաջընթաց է քաղաքական գովազդի ժամանակահատվածը սահմանելը։ Հավասարության եւ համարժեքության սկզբունքը պետք է գործի նաեւ փակցվող գովազդների դեպքում»,- ամփոփեց ՀՀԿ պատգամավորը։





























