Արարատի մարզի Գոռավան համայնքում տարեց հորը սպանելու մեջ մեղադրվող Մարտինն անմեղսունակ է ճանաչվել: Այս մասին NEWS.am-ին ասաց նրա պաշտպան Լուիզա Հարությունյանը:
Այս գործով նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել դատարան: Ըստ մեղադրական եզրակացության՝ Մարտինը 2017թ. փետրվարի 16-ին ժամը 17:30-ի սահմաններում Գոռավան գյուղի իրենց տանը վիճաբանել է հոր հետ եւ դիտավորությամբ խոհանոցային դանակով հարվածներ հասցնելով մարմնի տարբեր մասերին՝ սպանել է նրան:
Մարտինին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ սպանված տարեց տղամարդու մարմնին հայտնաբերվել էին 7 կտրած-ծակած վնասվածքներ: Դեռեւս այդ ժամանակ իրավապահները նշել էին, որ սպանության մեջ մեղադրվողը տառապում է «Շիզոֆրենիա» հիվանդությամբ:





























