Հունիսի 1-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնը Beeline-ի հովանավորությամբ կազմակերպել է տոնական միջոցառում Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:

Ավանդույթ դարձած այս միջոցառումn այս տարի կազմակերպվել էր նոր ձեւաչափով՝ ներգրավելով Հայաստանի չորս տեղական դպրոցների եւ QSI Երեւանի միջազգային դպրոցի 6-ից 8-րդ դասարանների շուրջ 100 աշակերտի: Կրթական նախագիծը նպատակ ունի դպրոցներին  համախմբել մեկ ընդհանուր հետազոտական ծրագրի մեջ՝  ստեղծելով  համագործակցության հարթակ Հայաստանում օտարազգի համայնքի երեխաների եւ նրանց տարեկից տեղացի դպրոցականների միջեւ:

«Գաֆէսճեան արվեստի կենտրոնը յուրաքանչյուր տարի մեծ հանդիսությամբ նշում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Ներկայանալով նոր ձեւաչափով՝ Կենտրոնը շուրջ հարյուր դպրոցականի հնարավորություն տվեց հարստացնել իրենց գիտելիքները, ձեռք բերել հետազոտական հմտություններ, միաժամանակ ծանոթանալ եւ համագործակցել իրենց տարեկից այլ աշակերտների հետ: Շնորհակալություն ենք հայտնում Beeline-ին՝ ի դեմս գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի, կենտրոնի կրթական նախաձեռնություններին շարունակական աջակցության համար», - ասաց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:

Ողջունի խոսքով հանդես եկավ նաեւ Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը նշելով. «Սրտանց շնորհավորում եմ բոլորին այս գեղեցիկ տոնի կապակցությամբ եւ ցանկանում, որ այսօրվա պայծառ տրամադրությունը եւ մեծ ոգեւորությունն ուղեկից լինի Ձեզ ողջ տարվա ընթացքում: Ուրախ եմ, որ դպրոցականները, մասնակցելով այս նախագծին, կարողացել են նոր գիտելիքներ ձերք բերել իրենց շրջապատող աշխարհի եւ սեփական երկրի պատմության մասին։ Beeline-ը մեծապես կարեւորում է երեխաների համար նախատեսված կրթական նախագծերը, եւ շարունակելու է նմանատիպ ծրագրերի աջակցությունը՝ հայ երեխաների կյանքը դարձնելով էլ ավելի լավը»։

2017թ. հիմնական հետազոտական թեմա առաջարկվել էր ՔԱՐԸ՝ որպես գեղարվեստական, հնագիտական եւ երկրաբանական հումք, որը, որպես համընդհանուր նյութ, կիսում է ողջ մարդկությունը:

Կրթական նախագիծը, որը մեկնարկել էր դեռեւս 2017թ. ապրիլին, ընթացել է երկու փուլով: Մասնակից հինգ դպրոցների աշակերտները նախ ներգրավվել են քարերի մասին հետազոտական աշխատանքում, որի շրջանակներում այցելել են Հովհաննես Կարապետյանի անվան Երկրագիտության եւ Հայաստանի պատմության թանգարաններ, ծանոթացել քարի ծագումնաբանական, հնագիտական եւ գեղարվեսական կիրառության առանձնահատկություններին: Ձեռք բերած գիտելիքների հիման վրա մասնակից դպրոցները քարի թեմայի շուրջ պատրաստել են հետազոտական նախագծեր, որոնց ներկայացումը տեղի է ունեցել Գաֆէսճեան արվեստի կենտրոնում մայիսի 27-ին: Բոլոր մասնակից դպրոցները համապատասխանաբար ստացել են մասնակցության հավաստագրեր:

Կրթական նախաձեռնության երկրորդ ավարտական փուլը կազմակերպվել է Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին «Երեխաները միավորում են աշխարհը» խորագրի ներքո:  11:00-ից սկսած մասնակից դպրոցականները եւ այցելուները ներգրավվել են հանրային ինստալացիաի մեջ՝ գունավոր քարերով վերապատկերելով Երկիր մոլորակի ուրվագիծը Գաֆէսճեան քանդակների պարտեզում: 

Տոնական միջոցառումն ամփոփվեց Գաֆէսճեան քանդակների պարտեզում ժամը 19:00-ին հիփ հոփ եւ բրեյք դանս երաժշտական ոճերի պարային ներկայացումներով: