Երեւանի կենդանաբանական այգու նախամուտքում գործարկվել է արեւային էներգիայով սնուցվող էլեկտրական հեծանիվների լիցքավորման շրջիկ կայան։

Նման կայան տեղադրելու մտահղացումը «Կանաչ շարժունակությունը» ծրագրի շրջանակում «Արեւորդի» հասարակական կազմակերպության նախագիծն է, որն իրականացվել է կենդանաբանական այգու  գործընկեր կառույցների աջակցությամբ:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել եւ առաջիններից մեկը էլեկտրական հեծանիվ է վարել Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Նա վստահեցրել է, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում պատրաստ է աջակցել էլեկտրական հեծանիվների մասսայականացման նախաձեռնություններին:

Նշենք, որ արեւային էներգիայով սնուցվող էլեկտրական հեծանիվների եւս 3 հիմնական լիցքավորման կայաններ առաջիկայում կգործարկվեն մայրաքաղաքի տարբեր հատվածներում։