Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առանց որեւէ պատճառի մերժել է NEWS.am-ի մարզական լրագրող Վերա Մարտիրոսյանի հավատարմագրումը առաջիկա Հայաստան-Սենթ Քիթս եւ Նեւիս եւ Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումները լուսաբանելու համար: Մեր հարցմանն ի պատասխան, ՀՖՖ-ն պատասխանել է, որ լրագրողի հավատարմագրումը չի հաստատել անձամբ ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Սա առաջին դեպքը չէ, երբ ՀՖՖ-ն խոչընդոտում է NEWS.am-ի լրագրողի աշխատանքը: Մինչ այդ էլ նրան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առանց որեւէ հիմնավորման չէր հավատարմագրել Հայաստանի հավաքականի խաղերը լուսաբանելու համար: Աննախադեպ երեւույթ է, երբ լրագրողի հավատարմագրման հարցով զբաղվում է անձամբ ֆեդերացիայի նախագահը:
Սա եւս մեկ անգամ ապացուցում է Ֆուտբոլի ֆեդերացիայի վերաբերմունքը լրատվամիջոցների ու լրագրողների նկատմամբ:
Նշենք, որ օրեր առաջ Վերա Մարտիրոսյանը զրուցել էր Հայաստանի ազգային հավաքական հրավիրված դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի հետ, որտեղ խոսվել էր նրա՝ Հայաստանի հավաքականին միանալ-չմիանալու խնդրի մասին: Վերջինս հայտարարել էր, որ իրեն պաշտոնապես չեն դիմել, մինչդեռ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը պնդում է, որ Յուրչենկոն ստում է, որ ՀՖՖ ներկայացուցիչը 2 անգամ հանդիպել է նրան: Չի բացառվում, որ հենց այս հարցերի համար լրագրողին մերժում են հավաքականի խաղը լուսաբանելու համար:





























