Մինչեւ 2019-ը նախատեսում ենք ստեղծել ԵՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկա, իսկ մինչեւ 2025-ը՝ ընդհանուր գազի շուկա։ Այս մասին NEWS. am–ի թղթակցի հետ զրույցում ասել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը։
Նրա խոսքով Հայաստանի համար հիմնական նախապայմանը ԵՏՄ ընդհանուր էլեկտրաէներգիայի շուկային միանալու ճանապարհին Հայաստանի ու Վրաստանի միջեւ էլեկտրամատակարարման նոր գծի շինարարությունն է, որպեսզի զուգահեռ ռեժիմով աշխատի Վրաստանի ու Ռուսաստանի հետ։ «Այսինքն մենք համար ԵՏՄ-ի հետ կապող օղակը Վրաստանն է։ Էլեկտրամատարարկան գծերի շինարարությունը նախատեսվում է մոտավորապես 2019-2020 թթ։ Դա բավականին բարդ ծրագիր է լինելու տեխնիկական տեսակետից»,- նշել է Հարությունյանը։ Էլեկտրամատակարարման գծերի շինարարությունը, պարզաբանեց նա, կավարտվի մոտավորապես այն ժամանակ, երբ արդեն կգործի էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկան։
Անդրադառնալով այն հարցին, թե Հայաստանին ինչ առավելություններ է տալու էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկան, Հայկ Հարությունյանը պարզաբանել է։ «Մենք ունենք էլեկտրաէներգիայի լրացուցիչ արտադրության ռեսուրս, որը մենք հիմա ի վիճակի չենք ամբողջովին իրացնել էլեկտրամատակարարման գծերի պատճառով։ Բացի դրանից մենք բավականին արդյունավետ գեներացիա ունենք, այսինքն «Որոտան կասկադ» ՀԷԿ-ի վերակառուցման ու Երեւանի ՋԷԿ-ի նոր բլոկի շինարարության ծրագրերով ու ԱԷԿ-ի գործունեությունը երկարացնելու համար 300 մլն դոլար ներդնելու արդյունքում մեր բոլոր 5 գեներացիաներն արդիականացվելու են։ Ես վստահ եմ, որ մեր գեներացիաները մրցունակ են լինելու ԵՏՄ շուկայում ու գտնելու են իրենց տեղը»։ Եթե ստեղծվի ազատ առեւտրի համար հնարավորություն ԵՏՄ շրջանակում, հավելեց նա, Հայաստանը կկարողանա ավելացնել էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները ու իրականացնել առեւտուր միջազգային շուկայում բավականին բարենպաստ պայմաններով։




























