Մենք օգնում ենք, որ երեխան ընտանիքից չկտրվի, իր ծնողի կողքը մեծանա: Այս մասին, այսօր՝ հունիսի 2-ին, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն եւ գերատեսչության ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին:

Կառավարությունից NEWS.am_ին հայտնում են, որ նախարարի տեղակալ Աշոտ Մարգարյանը ներկայացրել է վերակազմավորման գործողությունների պլանը: Նրա խոսքով՝ շահագրգիռ գերատեսչությունների հետ համատեղ մշակված այս ծրագիրը պիլոտային իրականացվելու է Լոռու մարզում:

Ծրագիրը ծախսարդյունավետ է, որովհետեւ հնարավորություն է ստեղծվում նույն գումարով, որն այս պահի դրությամբ ծախսվում է գիշերօթիկ հաստատություններում ու մանկատներում երեխաների խնամքը կազմակերպելու համար, ունենալ այլընտրանքային ծառայություններ, որոնք հնարավորություն կտան երեխաներին մեծանալ ընտանիքներում՝ խնամատար ընտանիքի ինստիտուտի ուժեղացման, իրենց կենսաբանական ընտանիքներ երեխաների վերադարձի կազմակերպման, փոքր ընտանեկան տիպի տների ստեղծման եւ այլ եղանակներով: Նախատեսվում է, որ մինչեւ 2017 թ. ավարտը 6 գիշերօթիկ հաստատությունները պետք է վերակազմավորվեն ընտանիքի եւ երեխայի աջակցության ցերեկային կենտրոնների:

Ողջունելով կատարվող աշխատանքը՝ Կարեն Կարապետյանը նշել է. «Մենք օգնում ենք, որ երեխան ընտանիքից չկտրվի, իր ծնողի կողքը մեծանա: Եթե իրականում կարողանանք այնպես անել, որ երեխան գիշերօթիկում չքնի, այլ իր ընտանիքում, շատ լավ կլինի»:

Վարչապետին զեկուցվել է նաեւ բժշկասոցիալական փորձաքննության գործընթացի նոր մոդելի ներդրման, կենսաթոշակների, նպաստների եւ այլ դրամական վճարների նշանակման ու վճարման ապահովման համակարգի գործառնության եւ առկա խնդիրների լուծման, զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի հասցեականության եւ կառավարման արդյունավետության բարձրացման, Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների հիման վրա հաշմանդամության սահմանման նոր մոդելի ներդրման, պրոթեզաօրթոպեդիկ ծառայությունների որակի բարելավման եւ այլ ուղղություններով նախարարության կողմից տարվող աշխատանքների եւ ծրագրերի վերաբերյալ: