Թերթն անդրադարձել է նոյեմբերի 18-ին Էջմիածնում տեղի ունեցած «ինքնասպանության փորձին»՝ գրելով, որ այն կարող է ճակատագրական դառնալ գեներալ Մանվել Գրիգորյանի համար: «Առավոտ»-ը նոյեմբերի 23-ին տեղեկացրել է, որ նոյեմբերի 18-ին, ժամը 17:30-ի մատույցներում, գլխի հրազենային վնասվածքով Էջմիածնի հիվանդանոց էր տեղափոխվել 1955 թ ծնված Գեւորգ Այվազյանը՝ «Ճուտ Գեւորգ» մականունով: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 110 հոդվածի առաջին մասով (ինքնասպանության հասցնել): Թերթը հիշեցնում է, որ Գեւորգ Այվազյանն աշխատում էր գեներալ Մանվելի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին պատկանող «Արա եւ Այծեմնիկ» ՍՊԸ-ում, որին էլ բացառիկ իրավունք է վերապահվել շահել Էջմիածնի քաղաքապետարանի հայտարարած բոլոր մրցույթները եւ տարատեսակ աշխատանքներ իրականացնել:
Էջմիածնի քաղաքապետն էլ գեներալի որդին է՝ Կարեն Գրիգորյանը: Թերթի տեղեկացմամբ՝ ըստ շրջանառվող լուրերի, «Արա եւ Այծեմնիկ» ՍՊԸ-ում Գեւորգը ֆինանսական հարցերով է զբաղվել եւ չարաշահումներ է թույլ տվել, ինչը հայտնաբերել է սեփականատերը, եւ Գեւորգը ինքնասպանության փորձ է արել: Մեկ այլ վարկածի համաձայն, վիճաբանություն է եղել «Ճուտ Գեւորգի» եւ ընկերության ղեկավարների միջեւ, ինչ-որ հարցերի շուրջ նրանք այդպես էլ համաձայնության չեն եկել, մեծ վեճ է ծավալվել, եւ վիճաբանության ընթացքում կրակել են Գեւորգի վրա, եւ լուրջ կասկածներ կան, որ դա ինքնասպանություն չէր: Համենայնդեպս, նման եզրահանգման տեղիք է տալիս նաեւ հոդվածը, որով քրեական գործ է հարուցվել:
Այս գործը, «Առավոտի» տեղեկություններով, չի վստահվել տեղի իրավապահներին: Հարցն այժմ մայրաքաղաքի իրավապահների քննության վարույթում է: Իսկ քննության ընթացքում բավականին հետաքրքիր բացահայտումներ են եղել: Մասնավորապես, գործի շրջանակներում ստուգումներ են իրականացվել նաեւ գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող «Ակնալիճ» հանգստի գոտում: Ընթացք է տրվել 2009 թվականի օգոստոսի 24-ին հանգստի տնից անհետացած՝ 1959 թվականին ծնված մայոր հակոբ Սաֆարյանի գործին: Վերջինս գեներալ Մանվել Գրիգորյանի՝ ՀՀ պաշտպանության նախարար եղած շրջանում ղեկավարել է նրա աշխատակազմը: Ղարաբաղյան պատերազմի մասնակից է: Այս առթիվ այն ժամանակ խոսակցություններ էին շրջանառվում, որ Սաֆարյանին սպանել են ծեծելով: Առեղծվածային հանգամանքներում իր անհետանալուց առաջ նա վերջին մեկ տարին ապրել եւ աշխատել է գեներալին պատկանող հանգստյան տանը: Դեպքի առթիվ Էջմիածնի իրավապահներն, իհարկե, քրգործ հարուցել էին, քննությունն էլ ընթանում է: Սակայն Էջմիածնում խոսակցություններ են շրջանառվում, որ երեւանցի իրավապահները բավականին մարտական են տրամադրված. կա վերեւների թույլտվությունը այս գործերը մինչեւ վերջ բացահայտելու: Թերթի աղբյուրը չի բացառում, որ այս երկու գործերը միավորվեն եւ հանձնվեն Հատուկ քննչական ծառայությանը:
«Առավոտ»-ը տեղեկացնում է նաեւ, որ այս ամենի տակից դուրս գալու գամար Մանվել Գրիգորյանը դիմել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Վերջինս, սակայն, հիասթափեցրել է գեներալին՝ ասելով, որ ինքն իրավապահների գործողությունները չի կարող ուղղորդել:





























