Նոյեմբերի 24-ին Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Դամասկոսում եւ Հալեպում:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Դամասկոսում ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Սիրիայի վարչապետ Մուհամմադ Նաջի ալ-Օտրիի հետ: Վերջինս ներկայացրել է Սիրիայի տնտեսության զարգացման գերակա ուղղությունները եւ ձեռքբերումները: Սիրիայի վարչապետը անհրաժեշտ եւ կարեւոր է համարել տնտեսության տարբեր ոլորտներում փոխգործակցության ակտիվացումը:
Վարչապետի հետ հանդիպումից անմիջապես հետո հայկական պատվիրակությունը մեկնել է Հալեպ, որտեղ հանդիպել է Հալեպի նահանգապետ Ալի Ահմադ Մանսուրայի, նահանգային իշխանության անդամների հետ:
Ավելի ուշ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է հայկական արտադրության ապրանքների ցուցահանդեսի բացմանը, որին ներկա են եղել Հալեպի նահանգապետը, հայ-սիրիական գործարար խորհրդի նախագահը, հայ համայնքի ներկայացուցիչներ անդամները:
«Հայաստանի անկախացումից անմիջապես հետո Սիրիան եւ մասնավորապես Հալեպը մեզ համար դարձան առաջին շուկաներից մեկը: Ներկայիս երկկողմ ապրանքաշրջանառության` ընդամենը շուրջ 4 միլիոն դոլարի հասնող ծավալները ամենեւին չեն համապատասխանում մեր իրական հնարավորություններին: Անհրաժեշտ է միայն իրացնել այդ ներուժը»,- նշել է Հ. Աբրահամյանը:
Երեկոյան հայկական պատվիրակությունն այցելել է Հայոց Առաջնորդարան, հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հանդես եկել ելույթով:
Այնուհետեւ նրանք Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ այցելել են Ազգային պատսպարան: Հովիկ Աբրահամյանը զրուցել է մանկատան երեխաների հետ, լուսանկարվել նրանց հետ: ԱԺ նախագահը նվիրատվություն է կատարել մանկատանը:
Նոյեմբերի 25-ին ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Հալեպից կմեկնի Դեյր Զոր եւ նույն օրը երեկոյան կվերադառնա Երեւան:





























